Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Չեխիան կզարգացնեն համագործակցությունը պաշտպանության ոլորտում


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի

Երեկ մեկնարկել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիա:

Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի առաջին օրը Սեյրան Օհանյանը հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկու և խորհրդարանի Ստորին պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ:

Մարտին Ստորպնիցկու հետ հանդիպման ժամանակ կողմերը երկուստեք ընդգծել են քաղաքական և տնտեսական ոլորտներում հայ-չեխական կապերի դինամիկ զարգացումը՝ նշելով, որ փոխադարձ շահագրգռվածության և պատրաստակամության հետ միասին դրանք ստեղծել են նաև պաշտպանության ոլորտում գործնական համագործակցություն զարգացնելու նախադրյալներ:

Որպես երկկողմ համագործակցության խոստումնալից ոլորտներ, մատնանշվել են ռազմական արդյունաբերությունը, կրթությունը, բժշկությունը, իրավապահությունը, ինչպես նաև հումանիտար ականազերծումն ու կիբերանվտանգությունը:

Յան Բարտոշեկի հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանն ու իր չեխ զրուցակիցը կարծիքներ են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, փոխադարձ կարևորել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը պլանային հիմքերի վրա դնելու նպատակահարմարությունը:

Չեխիայում գտնվելու առաջին օրը Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է նաև չեխական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ներկա է գտնվել տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների հայ-չեխական բիզնես ֆորումի բացման արարողությանը:

Այսօր Սեյրան Օհանյանը կայցելի Չեխիայի ռազմարդյունաբերական համալիրի այլ ձեռնարկություններ և Բռնո քաղաքում տեղակայված Չեխիայի պաշտպանական համալսարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG