Երեկ Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Համոնդն ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները, անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, համագործակցության իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների, ահաբեկչության դեմ ուղղված միջազգային հանրության պայքարի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության և դրա հետ կապված զարգացումների վերաբերյալ։
Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ - բրիտանական հարաբերությունները, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման ուղիները, միջազգային մի շարք խնդիրներ։
Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիները: Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը։ Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարարը իր երկրի աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել BBC հեռուստաընկերությանը։
Հայաստանի արտգործնախարարը, հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում է աշխատանքային այցով։