Մատչելիության հղումներ

Չնայած Վիեննայի համաձայնությանը՝ Իրանը իր մոտեցումներից չի հրաժարվի


Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչի, արխիվ
Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչի, արխիվ

Իրանի ԱԳ փոխնախարարը վստահեցնում է, որ հուլիսի 14-ի պայմանագիրը վերաբերում է բացառապես Թեհրանի միջուկային ծրագրին:

Չնայած Վիեննայում կնքված համաձայնագրին, ոչ Միացյալ Նահանգները կփոխի իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, ոչ էլ Իրանը կհրաժարվի նախկինում որդեգրած մոտեցումներից: Այս մասին չորեքշաբթի օրը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Աբաս Արաղչին` մեկ անգամ ևս ընդգծելով, որ հուլիսի 14-ի պայմանագիրը վերաբերում է բացառապես Իրանի միջուկային ծրագրին:

«Այս համաձայնագրի կնքումը մեզ չի պարտադրում, որպեսզի մենք փոխենք մեր տարածաշրջանային քաղաքականությունը, մեր մոտեցումները Միացյալ Նահանգների մեծապետական քաղաքականության հանդեպ: Չեն փոխվելու նաև մեր մոտեցումները տարածաշրջանում գտնվող մեր բարեկամների և դաշնակիցների նկատմամբ», - հայտարարում էր իրանցի դիվանագետը:

Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատեց թիվ 2231 բանաձևը, որի հիմքում Վիեննայում կնքված համաձայնագիրն էր: Դրա համաձայն՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները աստիճանաբար վերացվում են, իսկ միջուկային ասպարեզում Թեհրանի կողմից իրականացվող ծրագրերն առկախվում են:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, սակայն, նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով հստակեցվել է այն ժամանակահատվածը, որից հետո Թեհրանը կարող է շարունակել միջուկային ծրագրի իրագործումը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հստակորեն նշում է, որ պայմանագրի գործողության ժամկետը 10 տարի է: Դրանից հետո Իրանի [միջուկային ծրագրի] հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է փակված համարվի», - նշում էր Արաղչին` հավելելով նաև, որ Վիեննայի համաձայնագիրը որևէ սահմանափակում չի դնում Իրանի կողմից սովորական զինատեսակների ձեռքբերման առումով:

«Վիեննայում կնքված համաձայնագրով կա ուղիղ 7 զինատեսակ, որոնց ներմուծումը Իրան արգելված է: Բայց, օրինակ, պաշտպանական զինատեսակների, ասենք՝ S-300 տիպի հրթիռային կայանքների ներմուծման հանդեպ որևէ արգելք սահմանված չէ», - նշում էր Արաղչին:

Հարկ է նկատել, որ S-300-ի (ռուսերեն գրությամբ՝ C-300) ձեռքբերումն Իրանի համար սկզբունքային նշանակություն ունի: Ռուսաստանն ու Իրանը S-300 տիպի հակաօդային կայանքների վաճառքի շուրջ գործարքը կնքել էին դեռ 2007-ին: Արևմուտքի և Իսրայելի դիվանագիտական ճնշման արդյունքում, սակայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2010-ին ստիպված եղավ հատուկ հրամանագրով դադարեցնել այս զինատեսակի փոխանցումը Իրանին, և արդեն իսկ փոխանցված գումարը վերադարձվեց Թեհրանին: Այս տարվա ապրիլին, այդուհանդերձ, Պուտինը նոր հրամանագիր ստորագրեց, որով S-300-ի վաճառքը Թեհրանին կրկին պաշտոնապես թույլատրվում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG