Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցում միասնական մոտեցման կոչ է արել։
Մերկելի հայտարարությունը հաջորդում է Իրանին C-300 համակարգեր մատակարարելու հնգամյա արգելքը հանելու վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի որոշմանը։
Իրանը հույս ունի, որ հրթիռային համակարգերը Ռուսաստանը կմատակարարի այս տարի։
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ C-300 համակարգերի տրամադրման համար կպահանջվի 6 ամիս։
Իսրայելը անհանգստություն է հայտնել Իրանին C-300 հրթիռային համակարգերի մատակարարման կապակցությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այդ մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ասելով, որ համակարգերի տրամադրումը կավելացնի Իրանի ագրեսիան ու կազդի Մերձավոր Արևելքի անվտանգության վրա, ինչին Պուտինը պատասխանել է, որ С-300 համակարգերը նախատեսված են զուտ պաշտպանական նպատակների համար։