Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Boeing-777-ի կործանման առաջին տարին


Այսօր լրանում է Boeing-777-ի կործանման առաջին տարին
please wait

No media source currently available

0:00 0:02:30 0:00

Ռուսները դեմ են գործը ՄԱԿ-ի միջազգային դատարան փոխանցելու առաջարկին։

Ճիշտ մեկ տարի առաջ` 2014 թվականի հուլիսի 17-ին, Դոնբասի օդային տարածքում կործանվեց Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող Boeing-777 քաղաքացիական օդանավը։ Զոհվեցին թե՛ անձնակազմի անդամները, թե՛ ուղևորները` 298 մարդ, այդ թվում՝ երեխաներ։

Ողբերգությունից ժամեր անց Կիևը հայտարարեց, որ օդանավը ոչնչացրել են ռուս անջատականները, վերջիններս էլ և նրանց միացած Մոսկվան պնդեցին, որ օդանավն ուկրաինացիներն են վայր գցել։

Հոլանդացի փորձագետները կազմել են զեկույց, որի նախնական տարբերակը հրապարակել է CNN հեռուստակայանը։ Ըստ զեկույցի, օդանավը «Բուկ» հրթիռով խփել են ռուս անջատականները։

Ըստ էության, Ուկրաինայի, Նիդերլանդների, Մալայզիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի փորձագետները, հետաքննող լրագրողներն ու բլոգերները, ինչպես նաև Մոսկվայի շահերը չսպասարկող ռուսաստանցի անկախ մասնագետները անցյալ տարվա հուլիսից առաջ են տանում հենց այդ վարկածը։ Դրա արժանահավատությունն են վկայում Դոնբասի ռուս անջատականների հեռախոսազրույցները, տեղանքի արբանյակային լուսանկարները, տարատեսակ հարցազրույցներ և այլ նյութեր։

Հոլանդացիների և մալայզիացիների համոզմամբ, անցյալ տարվա հուլիսի 17-ի ողբերգության հանգամանքները պետք է քննի ՄԱԿ-ի միջազգային դատարանը։ Ռուսները դեմ են այդ գաղափարին, ինչն ինքնին խոսուն փաստ է։

Իգոր Ստրելկով (Գիրկին), հուլիս, 2014թ․
Իգոր Ստրելկով (Գիրկին), հուլիս, 2014թ․

Մինչդեռ, մալայզիական ավիաընկերության Boeing-ի աղետի զոհերից 18-ի ընտանիքները Չիկագոյի դատարանում գործ են հարուցել Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության երբեմնի պաշտպանության նախարարի` Ռուսաստանի քաղաքացի Իգոր Ստրելկովի, նույն ինքը` Գիրկինի դեմ։

Հայցվորները պնդում են, որ հենց Ստրելկովն է արձակել օդանավը «Բուկ» հրթիռով վայր գցելու հրամանը։ Հայցվորները 900 միլիոն դոլար են պահանջում։ Նրանք պնդում են, որ օդանավի կործանման օրվա դրությամբ Գիրկինն է համարվել Ուկրաինայի արևելքում գործող ռուս անջատականների զորամիավորումների հրամանատարը, ով, ինչպես հայցադիմումում է նշվում, «գործնականում ղեկավարվել է Ռուսաստանի իշխանության կողմից»։

Հայցվորների փաստաբան Ֆլոյդ Վիզներն ասել է, որ զոհվածների ազգականներին ոչ այնքան գումարն է հետաքրքրում, որքան՝ ճշմարտությունը։

«Նրանք Գիրկինից պատասխաններ են ուզում», - ասել է փաստաբանը և Մոսկվային կոչ արել համագործակցել միջազգային դատարանի հետ։

Բրիտանիայում լույս տեսնող The Guadian-ը հաղորդում է, որ Malaysia Airlines ավիաընկերության դեմ առանձին հայց է ներկայացրել զոհերից մեկի այրին` Ռեյնե Դելզիլը, ով պնդում է, որ ընկերությունը պետք է օդանավի անձնակազմին պարտադրեր մուտք չգործել Դոնբասի օդային տարածք, քանի որ այդ շրջանում ռազմական գործողություններ են տեղի ունենում։

Տարածաշրջանն անցյալ տարվա հուլիսի դրությամբ արդեն միջազգայնորեն ճանաչվել էր հակամարտության գոտի, մասնավորապես, ամերիկյան օդանավերին Միացյալ Նահանգների ավիացիայի դաշնային ծառայություններն արգելել էին անցնել Դոնեցկի վրայով։

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցում ասել է, թե ՄԱԿ-ի դատարանի գաղափարը «վաղաժամ և ոչ արդյունավետ է համարում»։

Երեկ հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով ասել է, որ միջազգային դատարանի վերաբերյալ առաջարկը բազում հարցեր է հարուցում։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք դատարաններ չի ստեղծել քաղաքացիական օդանավերի աղետների փաստով։ Նույնիսկ Լոքերբիի հայտնի դեպքում հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդում, բայց դատավարությունը տեղի է ունեցել Նիդերլանդներում Շոտլանդիայի օրենքներով», - ասել է Լավրովը։

Խոսքը 1988 թվականի դեկտեմբերի 21-ին Ֆրանկֆուրտ-Դեթրոյթ չվերթը կատարող Pan Am ամերիկյան ընկերության օդանավի կործանման մասին է։ Այդ հանցանքի մեջ մեղադրվել են Լիբիայի երկու գործակալներ` Աբդելբասեթ ալ-Մեգրահին և Լամին Խալիֆա Ֆիլահը։

Երկար վեճերից հետո Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆին նրանց հանձնել է Հոլանդիայի տարածքում հատուկ այդ դատավարության համար ստեղծված Շոտլանդիայի դատարանին։

Ֆիլահի մեղքը չի ապացուցվել, և նա ազատ է արձակվել: Մեգրահին դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն 2009 թվականին ազատ է արձակվել, քանի որ բժիշկները նրա մոտ շագանակագեղձի քաղցկեղ են հայտնաբերել․ 2012-ին նա մահացել է։

Դոնբասի ողբերգությունից մեկ տարի անց ավստրալացի լրագրողները հրապարակել են մի տեսանյութ, որի հեղինակները ռուսամետ անջատականներ են: Նկարահանումն արվել է օդանավի կործանումից րոպեներ անց: Տեսանյութում զինվորական հագուստով ռուս անջատականները նկարահանում են աղետի վայրը, զոհերին, բացում են նրանց պայուսակներն ու ճամպրուկները:

«Զինվորական հագուստով մեկը հեռախոսով ինչ-որ մեկին պատմում է, որ եղել է երկու օդանավ, ապա հրամայում է քաղաքացիական անձանց հեռանալ տարածքից, չնկարահանել: Այնուհետև իր մարդկանց հրամայում է իր մեքենայի մեջ դնել սև արկղը», - գրում է ավստրալական New Corp Australia պարբերականը:

17 րոպե տևողությամբ տեսանյութում հրամանատարը կադրից դուրս ասում է՝ նրանք ասում են, որ Սուխոյը քաղաքացիական օդանավ է խփել, այդպես էլ կա, սա ուղևորատար օդանավ է:

«Հետո նա ցույց է տալիս ուղեկցորդուհիներից մեկի վկայականը», - շարունակում է պարբերականը: - «Տեսնում ես՝ նրանք արտասահմանցիներ են, մալազիացիներ, ասում է այնհայտ հրամանատարը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG