Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Լոնդոնում հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ՝ մասնաճյուղի տնօրեն Արմինե Կարապետիի գլխավորությամբ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» հիմնադրամի Բրիտանիայի մասնաճյուղի գործունեությունը՝ նշելով, որ «հիմնադրամի խողովակներով իրականացված ծրագրերը մեծապես նպաստում են Ղարաբաղի զարգացման ու զորացման գործին»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանն օրերս Մեծ Բրիտանիային պաշտոնապես բողոք էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նախագահի Լոնդոն կատարելիք այցի կապակցությամբ: Ըստ ադրբեջանական աղբյուրների, Սահակյանը հրավիրված է Լոնդոն՝ մասնակցելու Chatham House-ում՝ Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը։ Պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե Սահակյանի այցը Լոնդոն քայլ է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»։