Երևանի ոստիկանապետը վստահեցնում է՝ քաղաքացիներին ոչինչ չի սպառնում։ Ազատության հրապարակում «Ազատության» հետ զրույցում Աշոտ Կարապետյանը նաև ընդգծեց, որ միայն թե չպետք է փակել պողոտան՝ դրանով իսկ սահմանափակելով այլոց իրավունքները։ Ի պատասխան «Ազատության» հարցի՝ նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Բաղրամյան պողոտայում հնարավոր ոստիկանական գործողության դեպքում ցուցարարները կարող են տեղափոխվել Ազատության հրապարակ և ակցիան շարունակել այնտեղ, Կարապետյանը արձագանքեց՝ «իհարկե»։
Օսիպյանը վստահեցնում է, որ առայժմ որևէ գործողություն ոստիկանությունը մտադիր չէ իրականացնել։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացնում է, որ «համակեցության կանոնները չխախտվեն», քանի որ արդեն ժամը 23-ն անց է։
Ոստիկանությունը առայժմ ոչ մի գործողության չի դիմում․ Վալերի Օսիպյան
Լարվածությունը Բաղրամյան պողոտայում մի փոքր նվազել է։ Ցուցարարների հիմնական մասը արդեն բարիկադներից ներքև են իջել, ոստիկաենական ուժերն էլ նվազեցվեցին։ Մաշտոցի պողոտայում խաթարված երթևեկությունը վերականգնվել է։
Աղաչում եմ, դուրս եկեք Բաղրամյանից, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։
Օսիպյանը նաև պնդում է, որ բազմաթիվ քաղաքացիներ անսթափ վիճակում են, և «պետք է հեռացնել նրանց էստեղից»։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում է, որ իրենք պայթուցիկ սարքեր են տեսել ցուցարարների մոտ։
Թեև «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը իր ակցիան տեղափոխել է Ազատության հրապարակ, ցուցարարների հիմնական մասը շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։
Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ «համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի` Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը»։