Մատչելիության հղումներ

ԱՀՀ ղեկավարի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և ԱՀՀ տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների և արտերկրում հայկական տարբեր կազմակերպությունների, քաղաքական ուժերի, ինչպես նաև Հայաստանի բարեկամների կողմից գործադրվող ջանքերին, դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին, դրանց ամրապնդման ու խորացման հնարավորություններին և մի շարք այլ հարցերի:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ երկու երկրները ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում:

«Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցության համար՝ միտված ՀՀ պետականության ամրապնդմանը»,- փոխանցում է պաշտոնական աղբյուրը.- «Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, այդ թվում ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG