Մատչելիության հղումներ

Բաքու-2015. Ղարաբաղցի սամբիստը կպայքարի բրոնզե մեդալի համար


Բաքվում շարունակվում են առաջին Եվրոպական խաղերը, այսօր ասպարեզ են դուրս եկել սամբոյի հավաքականները: Հայաստանը ներկայացնող 90 կգ քաշային Աշոտ Դանիելյանը զրկվեց ոսկե մեդալի համար պայքարի հնարավորությունից, սակայն կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Ղարաբաղցի մարզիկը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ հաղթել է մոլդովացի Վալերի Մելեասչևիչիին, սակայն հաջորդ փուլում 5:7 հաշվով պարտվել է բելառուս Անդրեյ Կազուսիոնակին: Դանիելյանն այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ:

Հունիսի 22-ին սամբոյի մրցաշարում պայքարի մեջ էին մտել նաև Սոսե Բալասանյանը (52 կգ) և Տիգրան Կիրակոսյանը (57 կգ): Քառորդ եզրափակչում հայ սամբիստները պարտվել են: Քանի որ Բալասանյանի նկատմամբ հաղթանակ տարած Աննա Խարիտոնովան և Կիրակոսյանին պարտության մատնած Այմերգեն Ակտունովը (երկուսն էլ՝ Ռուսաստանից) դուրս եկան եզրափակիչ, հայ սամբիստները հնարավորություն ստացան պայքարել բրոնզե մեդալի համար: Մեդալի համար գոտեմարտում Տիգրան Կիրակոսյանը կհանդիպի բելառուսցի Ուլադզիսլաու Բուրցին, իսկ Սոսե Բալասանյանը կմրցի բուլղարուհի Մագդալենա Վերբանովայի հետ:

Նշենք, որ երեկ Բաքվի խաղերում ելույթներն ավարտեց Հայաստանի բռնցքամարտի ընտրանին՝ բացի 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանից, ով վաղը քառորդ եզրափակչում կմրցի սլովակ Ուիլյամ Տանկոյի հետ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, հիշեցնենք, հայտարարել է, որ հայ մարզիկները բազմաթիվ մրցավարական սխալների են բախվել և զրկվել մեդալներ նվաճելու հնարավորությունից:

Ա. Մ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG