Մատչելիության հղումներ

ՏԿԱԻՆ-ը ստուգումներ է սկսել գազալցակայաններում


ՏԿԱԻՆ-ը ստուգումներ է սկսել գազալցակայաններում
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Պատճառը վերջին օրերին գազալցակայաններում տեղի ունեցող պայթյուններն են:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօրվանից ստուգումներ է սկսել Հայաստանի գազալցակայաններում։ Վերջին ամսվա ընթացքում մեկը մյուսին հաջորդած 4 պայթյունների հետևանքով արդեն երեք մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Ստուգումները իրականացնում է նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը, ով մի քանի օր առաջ հայտարարել էր, թե պայթյուններից առաջ էլ են եղել ստուգումներ, սակայն «վթարի սպառնալիք առաջացնող որևէ խախտում չի հայտնաբերվել»։

Գազի բալոնների տեղադրման մասնագետ Լևոն Թոփալյանի համոզմամբ, հիմնական պատճառները երկուսն են: Բալոնը նախատեսված է մինչև 200 բար ճնշման համար, մինչդեռ Հայաստանի գազալցակայաններում այս ցուցանիշը անգամ 270-ի է հասնում, արդյունքում խախտվում են օգտագործման կանոնները։

«Մրցույթ ոնց որ հայտարարված լինի՝ ով շատ կլցնի, որպեսզի հաճախորդ ավելի շատ գրավեն ու շատ լցնելու դեպքում արդեն ժամկետը բալոնի օգտագործման ոչ թե 15 տարի է դառնում, այլ բավականին կրճատվում է, որովհետև բարձր ճնշման դեպքում բալոնը, ճիշտ է, մետաղից է, բայց ինչ որ չափով ընդարձակվում է նորից նեղանում է, ու էդ ժամանակ իր աշխատանքը տարեկան կտրվածքով կրճատվում է», - ասաց Թոփալյանը:

Փորձագետի խոսքով, շղթայական պայթյունների մյուս պատճառն էլ բալոնների օգտագործման ժամկետն է։ Նրա խոսքով, դրանք նախատեսված են 10-15 տարվա համար, սակայն, վաղեմության ժամկետը որևէ մեկը չի ստուգում. դա Հայաստանում պարտադիր չէ։

«Հայաստանի Հանրապետությունում գազի բալոնների ինտենսիվ տեղադրումը սկսվել է մոտ 15 տարի առաջ: 15 տարի առաջ եթե սկսել ենք տեղադրելը, հիմնականում բալոնների շահագործման ժամկետը, երբ այն շահագործվում է իր գործարանային տված չափանիշներով, մաքսիմալ շահագործման ժամկետը 15 տարին է», - «Ազատության» հետ զրույցում նշեց փորձագետը:

Պայթյունների հարցով Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել՝ անվտանգության կանոնները խախտելու համար։ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն օրեր առաջ հայտարարել էր, որ 4 գազալցակայաններից մեկը մոտ մեկ ամիս առաջ մեկ միլիոն դրամով տուգանվել էր, սակայն թերությունները դրանից հետո չէին վերացվել։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով, հիմա էլ միայն ստուգումներ անցկացնելով և տուգանելով՝ խնդիրը չի վերանա․ սեփականատերերը տուգանքը մուծում են և շարունակում են աշխատել նույն պայթյունավտանգ պայմաններում:

Պիպոյանի կարծիքով, պետք է նաև բալոնի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր պահանջել. - «[Եթե] Առանց թղթի պահանջի որևէ մեքենա գազալիցքավորվեց, տեղում փակվելու է գործունեությունը, մինչև համապատասխան վերապատրաստում: Նաև մեծ վարչական պատասխանատվություն է, որ էս խախտումն անում է»:

Պիպոյանի խոսքով, խախտումներ պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև ոլորտը կարգավորող պաշտոնյաները. - «Արտակարգ իրավիճակների նախարարության մակարդակով անպայման կան փոխնախարարներ, ովքեր ամբողջապես համակարգում են այս ուղղությունը: Փոխնախարարների մակարդակով պիտի պատասխանատվություն կրեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG