Մատչելիության հղումներ

Գազալցակայանների անվտանգության վերահսկողությունը կխստացվի


Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ Էջմիածնի խճուղում գտնվող գազալցակայանը, որում երեկ պայթյուն էր տեղի ունեցել և 3 քաղաքացի էր տուժել, ստուգվել է 6 ամիս առաջ, տուգանվել 1 միլիոն դրամով, քանի որ եղել էին բազմաթիվ թերություններ, որոնք պետք է վերացվեին, սակայն չեն արվել:

Երեկ հանձնարարվել է առավել ակտիվացնել գազալցակայանների հետ տարվող աշխատանքը: Թերություն հայտնաբերվելու դեպքում կզեկուցվի վարչապետին, եթե կարիք լինի՝ թերացող գազալցակայանների շահագործումը կդադարեցվի:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց խստացնել անվտանգության ռեժիմների վերահսկողությունը և մշտապես հետևել դրանց:

Հենց այսօր ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Արմեն Երիցյանը հանձնարարել է հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որն առավել խստացված ռեժիմով իրականացնելու է երկրում գործող 456 շարժական և անշարժ ԱԳԼՃԿ-ների ստուգումներն ու վերահսկողությունը: «Ստուգումները պետք է իրականացվեն խստագույն չափանիշներով, և ցանկացած խախտում արձանագրելու դեպքում տեղում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Եթե կարիքը զգացվի, տեղում պարտադիր կներգրավվեն նաև իրավապահ մարմինները», - շեշտել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG