Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը Կիպրոսը ներկայացված էր նախագահի և խորհրդարանի նախագահի մակարդակով: Սարգսյանը դա համարել է հայ ժողովրդի հանդեպ լիակատար համերաշխության ու անկեղծ բարեկամության խոսուն դրսևորում և ընդգծել, որ Հայաստանում մշտապես հիշելու և հիշատակելու են այդ փաստը:

ՀՀ նախագահը և Կիպրոսի պաշտպանության նախարարը մեծապես կարևորել են երկկողմ միջպետական քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն է տալիս մշտապես իրազեկ լինել և համարժեք լուծումներ տալ երկուստեք առաջնային նշանակություն ունեցող հարցերին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Կիպրոսի միջև ամուր հիմքերի և փոխադարձ վստահության մթնոլորտում ծավալվող ռազմական փոխգործակցությանն ու դրա հետագա խորացմանը: Կողմերն այս առումով ողջունելի են համարել, որ երկու երկրների միջև գործում է հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG