Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի երեխաների թունավորման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում հոդվածով:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ընդգծելով, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սանիտարական կանոնների և նորմերի «կոպիտ խախտումներ»:
Հիշեցնենք, մայիսի 8-ից 10-ն Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 12 երեխա` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն գանգատներով:
10 օր անց մարզի Արմավիր քաղաքի մի քանի մանկապարտեզներից նույնատիպ գանգատներով մոտ մեկ տասնյակ երեխա տեղափոխվեց հիվանդանոց: Առողջապահության նախարարության այսօրվա հաղորդագրության համաձայն, Արմավիրի թիվ 9 և թիվ 6 մանկապարտեզներում երեխաների թունավորումը տեղի է ունեցել մանկապարտեզներում սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ պահանջների «կոպիտ խախտումներ»-ի պատճառով: