Մատչելիության հղումներ

Չինուհիներին թրաֆիքինգի ենթարկելու քրգործով այդ երկրի 2 այլ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել


Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Չինաստանի երեք քաղաքացիների կողմից Երևանում չինուհիների թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախաքննությամբ պարզվել է, որ ՉԺՀ 3 քաղաքացի, նախնական համաձայնության գալով, խաբեությամբ՝ նրանց բարձր վարձատրվող մերսուհու արտագնա աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով, Չինաստանում հավաքագրել են 4 համաքաղաքացու ու տեղափոխել Երևան:

«Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ չինուհիները Երևանում ենթարկվել են շահագործման։ Մասնավորապես՝ վերջիններս տևական ժամանակ պահվել են երևանյան հյուրանոցներից մեկում, ապա, օգտվելով նրանց տեղանքին անծանոթ լինելու, իրենց մոտ անձնագիր չունենալու և, ընդհանուր առմամբ, խոցելի վիճակում գտնվելու հանգամանքից՝ Չինաստանի երեք այլ քաղաքացու կողմից ենթարկվել սեռական ու աշխատանքային շահագործման՝ ամբողջությամբ ստանալով նրանց այդկերպ վաստակած գումարները», - ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Չինաստանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդկանց առևտուր: Չինաստանի երրորդ քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG