Մատչելիության հղումներ

Իսրայելի նախագահը հայերի հետ հիշատակել է «հայոց ողբերգության» 100-րդ տարելիցը


Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին, արխիվ
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին, արխիվ

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երեկ իր նստավայրում հանդիպել է երկրի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին՝ հիշատակելու «հայկական ողբերգության» 100-րդ տարելիցը:

Իսրայելի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Ռիվլինը, մասնավորապես, հայտարարել է․ - «Մենք բարոյական պարտավորություն ունենք մատնացույց անելու փաստերը՝ որքան էլ դրանք ահավոր լինեն, մենք չպետք է անտեսենք դրանք: Հայերը արդի առաջին զանգվածային սպանության զոհերն էին»: Միաժամանակ, նա նշել է, որ իրենց նպատակ որևէ կոնկրետ երկրի մեղադրելը չէ:

Հիշեցնելով, որ երկու շաբաթ առաջ հրեա ժողովուրդը նշում էր Հոլոքոսթի հիշատակի օրը, Ռիվլինը շարունակել է․ - «Այդ ահավոր Հոլոքոսթից հետո, հայ ժողովրդի ողբերգությունը հիշատակելը մեր հրեական պարտավորությունն է՝ մարդկային և բարոյական»:

Հանդիպման ժամանակ Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը նշել է, որ Իսրայելը՝ ի դեմս Քնեսեթի երկու անդամների, առաջին անգամ ներկայացված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում անցկացված միջոցառումներին: Այդուհանդերձ, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը իր հիասթափությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Իսրայելի պետությունը չի ճանաչում հայերի ջարդերը որպես ցեղասպանություն:

Ռիվլինը հայտարարել է, որ ի գիտություն է ընդունում այդ քննադատությունը և հավատում է, որ Իսրայելի ղեկավարությունը ավելի կանի՝ բարձրացնելու հայ ժողովրդի կոտորածի հարցը:

Իսրայելի նախագահը, հիշեցնենք, ամիսներ առաջ Հայոց ցեղասպանության մասին խոսել էր ՄԱԿ-ի ամբիոնից՝ առանց օգտագործելու ցեղասպանություն եզրույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG