Մատչելիության հղումներ

Իսրայելի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Հայոց ցեղասպանության մասին


Իսրայել - Ռեուվեն Ռիվլինը Քնեսեթում պաշտոնական արարողության ժամանակ ստանձնում է Իսրայելի նախագահի պաշտոնը, Երուսաղեմ, 24-ը հուլիսի, 2014թ․
Իսրայել - Ռեուվեն Ռիվլինը Քնեսեթում պաշտոնական արարողության ժամանակ ստանձնում է Իսրայելի նախագահի պաշտոնը, Երուսաղեմ, 24-ը հուլիսի, 2014թ․

«Մի քանի տասնամյակ հետո պարզվեց, որ հաջորդը հրեաներն են», - շեշտել է Ռեուվեն Ռիվլինը:

Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում կայացած միջոցառման ժամանակ ծավալուն ելույթում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին:

Նշելով, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել, նա ընդգծել է՝ մինչ օրս Իսրայելը դա չի ճանաչել որպես ցեղասպանություն:

Ռիվլինը մեջբերել է 1915-ին Պաղեստինում հրեական լրտեսական ցանցի՝ «Նիլի»-ի առաջատար անդամներից մեկի՝ Ավշալոմ Ֆեյնբերգի գրածը. - «Ես ատամներս սեղմած մտածում եմ, թե ով է լինելու հաջորդը: Երուսաղեմի ճանապարհին, երբ քայլում էի օրհնված և սուրբ հողի վրա, ինքս ինձ հարցրեցի՝ արդյոք մենք ապրում ենք ժամանակակից աշխարհո՞ւմ՝ 1915 թվականին, թե՞ Տիտոսի և Նաբուգոդոնոսորի ժամանակներում: Արդյո՞ք մոռացել եմ, որ հրեա եմ: Ես նաև հարցրեցի ինձ՝ եթե իրավունք ունեմ ողբալու միայն իմ ժողովրդի վիշտը, մի՞թե Երեմիա մարգարեն արցունք չի թափել հայերի հետ միասին»:

«Ֆեյնբերգը սա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Կասկածի և հերքման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր հերքում տեղի ունեցած կոտորածը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են այդ աղետը վերապրած սոված և խղճուկ հազարավոր հայ փախստականներին, ովքեր Երուսաղեմ են հասել: Նրանք այնտեղ ապաստան գտան, և մինչ օրս նրանց ժառանգները շարունակում են ապրել Երուսաղեմում»,- ասել է ծնունդով Երուսաղեմից 76-ամյա նախագահը:

«Այն ժամանակ՝ 1915 թվականից հետո հարց էր առաջանում՝ ո՞վ է հաջորդը: Պատասխանը չուշացավ՝ մի քանի տասնամյակ հետո պարզվեց, որ հաջորդը հրեաներն են», - շեշտել է Ռիվլինը:

Իսրայելի նախագահն իր ելույթն ավարտել է կոչով՝ պետք է կարմիր գիծ սահմանել, որից այն կողմ ՄԱԿ-ը պարտավոր է միջամտել՝ կանխելու ցեղասպանություններին ուղղված գործողությունները:

«Անկեղծ հարց տանք ինքներս մեզ՝ արդյո՞ք մեր պայքարը, ՄԱԿ-ի պայքարը ցեղասպանություն երևույթի դեմ բավարար չափով արդյունավետ էր: Բոսնիայում արդյունավե՞տ էր, Խոջալուի սպանությունները կանխելու համար արդյունավե՞տ էր, արդյո՞ք այն արդյունավետ է այսօր Սիրիայում, կամ Նիգերիայում՝ «Բոկո հարամ»-ի դեմ», - ասել է Ռիվլինը:

«Մյուս կողմից՝ պետք է հիշենք, որ այդ կարմիր գծերը պարտավորեցնելու են մեզ չաղավաղել ու ցինիկաբար չշահարկել այն՝ կեղծ օբյեկտիվության անվան տակ, ինչն արվում է մարդու իրավունքների հռետորաբանության դեպքում, որը «ցեղասպանություն» եզրույթն օգտագործում է միայն քաղաքական նպատակներով», - հայտարարել է Իսրայելի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG