Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի հայազգի փոխնախագահ Իզաբել Դինգիզյանին, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Իզաբել Դինգիզյանը, ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ, շատ խորհրդանշական է համարել, որ ներկայացնում է Շվեդիան իր պատմական հայրենիքում՝ հայ ժողովրդի համար այս կարևոր առիթով։ Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահը ներկայացրեց Երևանում իր ունեցած հանդիպումների արդյունքները։
«Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայ-շվեդական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս առումով երկուստեք կարևորվեց Ստոկհոլմում և Երևանում դեսպանությունների բացումը, առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը»,- ասված է հաղորդագրությունում։
Դինգիզյանին այսօր ընդունել է նաև Ազգային ժողովին նախագահ Գալուստ Սահակյանը։ ԱԺ նախագահը նշել է, որ տպավորված է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում տիկին Դինգիզյանի ազդեցիկ ելույթով, որը մեծ տպավորություն է թողել ֆորումի ոչ միայն հայ, այլև օտարազգի մասնակիցների վրա: