Մատչելիության հղումներ

Բրուցելյոզի վարակ Կոտայքի մարզում. կան հոսպիտալացվածներ


«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ բրուցելյոզի վարակն այժմ էլ տարածվել է Կոտայքի մարզում՝ նշելով, որ մինչ օրս պատկան մարմինների կողմից չկա որևէ հայտարարություն, թե ինչն է հանդիսացել վարակի աղբյուր:

Կազմակերպությունը, վկայակոչելով Առողջապահության նախարարությունը, նշում է, որ այս պահի դրությամբ Սոլակ համայնքում կա 9 հիվանդ, որոնցից 7-ը հոսպիտալացված են:

«Դեռևս մարտին Սյունիքի մարզի Կապան քաղաքում գրանցված բրուցելյոզի դեպքից հետո, երբ հայտնաբերվել էր 19 հիվանդ, բարձրաձայնել էինք, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես են հիվանդ կենդանիներին տրվել առողջությունը հաստատող փաստաթղթեր, և ինչ ռիսկեր է պարունակում բրուցելյոզի դեմ իրականացվող վակցինացիայի պիլոտային ծրագիրը, և ի վերջո, որ փուլում են հիվանդները վարակվել: Կոչ էինք արել նաև պարզաբանել, թե ինչու են լռել պատկան մարմինները՝ չբարձրաձայնելով և փորձելով թաքցնել դեպքը: Մինչ օրս նշյալ հարցերի պատասխաններն այդպես էլ չեն բարձրաձայնվել: Ուշագրավ է, որ վակցինացման աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի որոշ համայնքներում (գյուղերում), և զուգադիպություն է, թե ոչ, սակայն հիվանդության երկրորդ բռնկումը հենց Կոտայքի մարզում է», - նշված է կազմակերպության հաղորդագրությունում։

ՀԿ-ն կոչ է արել պատկան կառույցներին պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել վարակի աղբյուրի հայտնաբերման ուղղությամբ, ինչն է հանդիսացել վարակի պատճառ, բրուցելյոզի որ տիպն է ախտորոշվել մարդկանց մոտ, և ինչ գործողություններ են իրականացվում վարակի հնարավոր հետագա տարածումը կանխելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG