Մատչելիության հղումներ

Բաբկեն Պիպոյան. Սննդամթերքի շուկան պատշաճ չի վերահսկվում


Մսագործները միս են մշակում, արխիվ
Մսագործները միս են մշակում, արխիվ

Կապանի մսի սպանդանոցում օրեր առաջ արձանագրված բրուցելյոզի դեպքի հետևանքով 15 մարդ այսօր հոսպիտալացված է։

Կապանի մսի սպանդանոցում օրեր առաջ արձանագրված բրուցելյոզի դեպքը, ինչի հետևանքով 15 մարդ այսօր հոսպիտալացված է, վկայում է, որ սննդամթերքի շուկան պատշաճ չի վերահսկվում, պնդում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ վարակված միսը սպանդանոցից կարող էր հայտնվել նաև շուկայում, որովհետև պատվաստված կենդանին հիվանդից չի տարանջատվում։

«Գյուղատնտեսության նախարարությունը միանշանակ թերանում է, վերահսկողությունը միանշանակ թերի է, որովհետև այդ համակարգը, որը որ ներդրվել է, արդեն իսկ մասնագիտական բացերով արված աշխատանք է, և վերահսկողությունը, եթե անգամ արվել է, արվել է այնպես, որ այսօրվա դրությամբ մենք ունենք հիվանդ մարդկանց թիվ», - ասաց Պիպոյանը։

Գյուղնախարարության համապատասխան վարչության պետ Հովհաննես Մկրտչյանը չի ընդունում պնդումը, թե իրենց թերացման հետևանքով վարակված միսը կարող էր նաև սպառողին հասնել:

«Անցած շաբաթ ենք ստացել ահազանգը, այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են», - «Ազատության»-ը փոխանցեց Մկրտչյանը՝ հավելելով. - «Այն ինչ որ հիվանդ կենդանու հետ են մարդիկ շփվել, կամ հիվանդ կենդանու ենթամթերք են մարդիկ օգտագործել և վարակվել են դա փաստ է։ Որևիցե մեկը, բնականաբար, թերացել է իր աշխատանքում, բայց թե կոնկրետ ո՞վ է թերացել, ես այս պահին չեմ կարող ասել»։

Վարկված ու հոսպիտալացված հիվանդների վիճակը մասնագետները գնահատել են թեթև և միջին ծանրության: Անվճար բուժօգնություն ստացող հիվանդները Կապանի սպանդանոցի աշխատակիցներն են:

Պիպոյանը պնդում է, որ հերթական անգամ թե՛ Գյուղատնտեսության նախարարությունը, և թե՛ Առողջապահության նախարարությունը արձանագրված դեպքերի մասին պաշտոնական հայտարարություններ են անում միայն խնդրի հասարակական հնչեղություն ստանալուց հետո:

«Նախարարությունը գրանցված դեպքերը թաքցնելու միտում չունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը՝ հակադարձելով Պիպոյանի պնդմանը, թե՝ բրուցելոզով վարակված առաջին մի քանի հիվանդները բժիշկներին են դիմել դեռ փետրվարի 20-ից, իսկ նախարարությունն արձագանքել է միայն անցած շաբաթ:

«Նախարարությունն է հարցի մասին բարձրաձայնել, որովհետև նախարարությունն այսօր հիվանդի տերն է, բայց ի՞նչ պայմաններում է հիվանդը հիվանդացել, կներեք, բայց դա մեր խնդիրը չէ, մենք հետևանքի հետ ենք աշխատում», - ասաց Թորոսյանը։

Մինչդեռ, ըստ Պիպոյանի, պետական վերահսկողության թերացման այլ օրինակներ կան. ամիսներ առաջ էլ խոզի սատկած միսն էր հասել շուկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG