«Հիմնադիր խորհրդարան»-ի (ՀԽ) քարտուղարությունը տեղեկացնում է, որ այսօր ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանին է այցելել նրա փաստաբաններից Կարապետ Բադալյանը:
Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանը երեկվանից հացադուլ է հայտարարել «իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու և իրեն ապօրինաբար անազատության մեջ պահելու համար»: Նա երեկ երեկոյան տեղափոխվել է հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց:
Ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության՝ օրեր առաջ Գևորգ Սաֆարյանն ուներ նաև բժշկի այցելության անհրաժեշտություն, որին «համապատասխան պատշաճ արձագանք չի եղել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից»:
«Հիմնադիր խորհրդարանը հրավիրում է տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների և դիտորդական առաքելությունների ուշադրությունը Գևորգ Սաֆարյանի գործի վրա՝ բացառելու և կանխարգելելու համար նրա նկատմամբ հնարավոր քաղաքական, հոգեբանական կամ ֆիզիկական ճնշումները», - ասված է ՀԽ-ի քարտուղարության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվեց ապրիլի 7-ին՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, ապա երկու օր անց դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Իրավապաշտպան դիտորդական խումբը մոնիթորինգ է իրականացնում Սաֆարյանի գործի նկատմամբ: