Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանի» հինգ անդամները երկու ամսով կալանավորվել են


«Հիմնադիր խորհրդարանի» հինգ անդամները երկու ամսով կալանավորվել են
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00

Այսօր լուսաբացին՝ ժամը 5-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին։

Կալանավորվածներին արգելված է զանգել և տեսակցել հարազատների հետ։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քննիչը նման որոշում է ընդունել քննության շահերից ելնելով։

Կալանավորվածների փաստաբան Հայկ Գրիգորյանի խոսքով՝ բոլորին առաջադրվել է նույն ծավալով մեղադրանք՝ նույն հոդվածով և նույն հիմնավորումներով։

«Ոչ մի քննություն, ըստ էության, չի կատարվել, այլ քաղաքական այդ հոդվածի մեկնաբանությունը նույն ձևով կիրառվել է բոլորի նկատմամբ։ Մեր կողմից ներկայացված հարցերը, որ մեղադրանքի ծավալը կոնկրետ ինչո՞վ է դրսևորվել, չեն հիմնավորվել, մեր հարցերին միայն պատասխանել են իրենց գրած տեքստը ընթերցելով, որը բոլորի դեպքում նույնն էր»,- փոխանցեց փաստաբանը։

Մինչ դատարան տեղափոխելը Սեֆիլյանը և նրա կողմնակիցները 6 ժամից ավելի Քննչական կոմիտեում էին։ Նրանց մեղադրանք առաջադրելուց հետո ոստիկանության դիմակավորված հատուկ ջոկատայինները «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին տեղափոխեցին շենքից, դրսում նրանց աջակիցները բողոքի ցույց էին անում։

Առավոտյան դատարանը մերժել է նաև կալանավորվածներին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Կալանավորվածներից Պավել Մանուկյանը արդեն չորրորդ օրն է հացադուլ է անում։ Փաստաբան Հայկ Գրիգորյանի խոսքով՝ նրան բժիշկ չի այցելել։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանքի առաջադրման համար հիմք է հանդիսացել խուզարկությունների արդյունքում հայտնաբերված մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա և փայտյա ձողեր, մահակներ և այլն։ Կոմիտեի տարածած տեսանյութում երևում է, որ առգրավված իրերի թվում կա նաև ապակե շիշ, ծխախոտի և սոդայի տուփ, «ՏՈԼԻԿ» գրությամբ ատրճանակի պատյան։

Փաստաբան Հայկ Գրիգորյանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքների համար որպես հիմք ներկայացված են նաև «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման բուկլետները։ Նրա կարծիքով՝ մեղադրանքը անհեթեթ է և չհիմնավորված։

«Բուկլետում կա նախադասություն, որ ասում է՝ դուրս ենք գալու փողոց ու չենք վերադառնալու մինչև ռեժիմին հեռացնելը։ Այս նախադասությունն են օգտագործվում որպես հիմնավորում, նաև այն միտքն է օգտագործվում, որ որոշակի արժեքների հասնելու համար զոհողություն է պետք, զոհողությունը մեկնաբանում են որպես զոհ, արյունահեղություն։ Չուգասզյանի բնակարանում փայտի կտոր է եղել, որը բժշկական նպատակներով, մարմնամարզության համար է օգտագործվում»,- ասաց փաստաբանը։

Գրիգորյանը ասաց, որ կալանավորվածները առաջադրված մեղադրանքը չեն ընդունել և հայտարարել են, որ դա քաղաքական հետապնդում է։

«Հիմնադիր խորհրդարանում» հայտարարում են, որ շարժումը սկսելու ժամանակ կանխատեսել էին, որ իրենց ակտիվիստները կարող են հայտնվել ճաղերի ետևում։ Ժիրայր Սեֆիլյանից հետո «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը ղեկավարող Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ անգամ եթե ձերբակալությունները շարունակվեն, իրենց շարժումը չի դադարելու։

Ինչ վերաբերում է իրավապահների ներկայացրած հիմնավորումներին, Ենիգոմշյանը պնդեց՝ առգրավված իրերը տանը պահելը օրենքով չի արգելվում.- «Ծիծաղելի է ասել, որ այդ իրերով «Հիմնադիր խորհրդարանը» պատրաստվում էր զանգվածային անկարգությունների»։

Ենիգոմշյանի խոսքով, ապրիլի 24-ին հաստատ փողոց են դուրս գալու, հիմա աշխատում են այդ ուղղությամբ։

Քննչական կոմիտեի առգրաված իրերի ցանկում միակ զինամթերքը «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու գրասենյակի ղեկավար Արամ Հակոբյանի տնից հայտնաբերված նռնակն է։ Փաստաբանի համար անհասկանալի է թե ինչու է նռնակը հայտնվել նաև Սեֆիլյանի և մյուսների գործում։ Ի դեպ, Գրիգորյանի տվյալներով նռնակը հայտնաբերվել է ոչ թե Հակոբյանի, այլ նրա հարևանի տանիքում։

Այսօր Քննչական կոմիտեն Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, դատարանը որոշել է որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 500 հազար դրամի չափով։

XS
SM
MD
LG