Ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտրեպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը երեկ Կասաբլանկա - Մոսկվա - Երևան չվերթի ինքնաթիռով Մարոկոյից Հայաստան է տեղափոխել 48-ամյա Գևորգ Խաչատրյանին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի («Սպանություն») 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Գևորգ Խաչատրյանը Ֆրանսիայի քաղաքացուհի Մոնիկ Հարլեյին սպանելու մտադրությամբ Կասբլանկա - Փարիզ - Երևան չվերթով վերջինիս հետ ժամանել էր Հայաստան, սպանել Հարլեյին, հափշտակել նրա բանկային քարտերը ու 2012 թվականի հունվարի 19-ին վերադարձել Մարոկո: «Բնակություն հաստատելով Մոնիկ Հարլեյի՝ Մարակեշ քաղաքում գտնվող առանձնատանը՝ Խաչատրյանը փորձել էր նրա ֆինանսական ակտիվների փոխանցում կատարել համացանցի միջոցով, սակայն մարտի 23-ին ձերբակալվել էր Մարոկոյի ոստիկանության կողմից՝ մեղադրվելով խարդախության մեջ», - ասված է հաղորդագրությունում:
2012-ի հոկտեմբերի 9-ին փաստի առթիվ Արմավիրի մարզի դատախազի կողմից հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել Վաղարշապատի քննչական բաժանմունք՝ նախաքննության: Գևորգ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել էր միջպետական և միջազգային հետախուզում: Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված ստուգումների ու միջոցառումների արդյունքներով պարզվել էր, որ նա Մարոկոյում կալանքի տակ է:
Հայաստան տեղափոխված Խաչատրյանը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հարցաքննության ժամանակ Գևորգ Խաչատրյանը հայտնել է 74-ամյա Մոնիկ Հարլեյի սպանության մանրամասները, քրեական գործով կատարված քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել սպանության, դիակի գտնվելու վայրը, և Արմավիրում նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է մարդու կմախք։