Ապրիլի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց է կատարել Ղրղզստան։
Այցելությունը մեկնարկել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեք Աթամբաևի հետ հանդիպմամբ։
Հայաստանի արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ընդգծվել է, որ առկա է երկուստեք պատրաստակամություն՝ գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ղրղզստանի միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Ղրղզստանի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների շուրջ։
Բիշկեքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետ Ջոմարդ Օթորբաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղրղզական առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը։ Ղրղզստանի վարչապետը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների, ոսկերչական արտադրանքի, ծառայությունների, տուրիզմի բնագավառներում Հայաստանի փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Եվրասիական միության շրջանակներում համագործակցության հեռանկարներին։
Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էրլան Աբդիլդաևի բանակցությունները։ Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջխորհրդարանական շփումների աշխուժացմանը, առևտրատնտեսական փոխգործակցության խթանմանը, մշակութային կապերի խրախուսմանն առնչվող հարցերի շուրջ։ Հանդիպման օրակարգում էին միջազգային կառույցների շրջանակներում, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության հարցերը։
Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է իր գործընկերոջը այցելել Հայաստան։