Կենդանական ծագման սննդամթերքի ներմուծումը Հայաստան թույլատրվում է, եթե սահմանային վերահսկողության արդյունքներով հաստատվում է տվյալ սննդամթերքի համապատասխանությունը դրա անվտանգությանը ներկայացվող պահանջներին: Այդ մասին հայտարարել է Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ արձագանքելով լրատվամիջոցներով տարածված տեղեկությանը, որ Բրազիլիայից ներկրված հավերը, մասնավորապես՝ «Սադիա» տեսակի, տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն են կարող պարունակել:
Սահմանային հսկողության շրջանակում ներմուծվող սննդամթերքի ռիսկային չափորոշիչներով պայմանավորված՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար իրականացնում է անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ լաբորատոր հետազոտություն: Այդ շրջանակում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքում, ինչպես նշված է հաղորդագրությունում, ներմուծված «Սադիա» ապրանքանիշի սառեցված հավերում աճի խթանիչների (այդ թվում՝ տեստոստերոն հորմոնի) ցուցանիշները եղել են թույլատրելի սահմաններում:
Ծառայությունը վստահեցնում է, որ ուշադրության առանցքում է պահում հատկապես որոշակի ռիսկեր պարունակող սննդամթերքի ստուգման ընթացքը և այսուհետ էլ շարունակելու է ամբողջությամբ ու խստորեն իրականացնել ներմուծված ապրանքատեսակների սահմանային հսկողությունը՝ ապահովելով ռիսկային սննդամթերքի պարբերական փորձաքննություն, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ կիրառելով օրենքով սահմանված սահմանափակման միջոցներ:
Տվյալ թեմայով մանրամասները՝ այսօր ավելի ուշ