Մատչելիության հղումներ

Բացվել է հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամաս


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Երեկ տեղի է ունեցել հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամասի պաշտոնական բացումը: Ինչպես նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, արտադրամասը կատարելագործման դինամիկ փուլում գտնվող հայկական ռազմարդյունաբերության համակարգի անքակտելի մասն է կազմելու:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ արտադրամասը հնարավորություն է ընձեռելու մանրազնին ուշադրություն դարձնել ազգային բանակի ամենակարևոր և մարտունակ ստորաբաժանումներից մեկի՝ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման գործընթացի վրա: Բացի այդ, ստեղծվելու են նոր աշխատատեղեր՝ այդ կերպ նպաստելով նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Շրջելով ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր արտադրամասի տարածքում, պաշտպանության նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին, կատարված լայնածավալ աշխատանքներին, արտադրամասի տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:

Ռազմական գերատեսչությունը նշում է, որ վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվում Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, Զինված ուժերը հայրենական արտադրության զինտեխնիկայի և նորագույն սպառազինության նմուշներով համալրելու, ինչպես նաև առկա ռազմական տեխնիկայի ու սպառազինության հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ: Օրեցօր ազգային բանակը համալրվում է նոր, ավելի որակյալ ու ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով՝ բացառիկ մակարդակի վրա դնելով երկրի պաշտպանական կարողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG