Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը


Լուսնկարը՝ նախագահականի
Լուսնկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդմամբ, նշելով, թե տեղյակ է, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որն այս տարվա ապրիլի 24-ին ցեղասպանությունների դեմ պայքարի յուրօրինակ վայր է դառնալու, Սարգսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից հայ ժողովրդի հետ միասին «այլևս երբեք»-ի կոչ են հղելու բազմաթիվ երկրների բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահների երևանյան նիստում ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը դիտարկում է ֆրանսիական զորախմբի կազմում իր հնարավոր մասնակցությունը աֆրիկյան մայրցամաքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

Հանդիպման մասնակիցներին Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները՝ ընդգծելով, որ դինամիկ զարգացող այդ հարաբերությունները վկայում են այն մասին, որ առկա է երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG