Ազգային ժողովում ավարտվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստը:
Նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակում աշխատանքային միգրացիայի և ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման հարցերը» թեմայով ելույթ են ունեցել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, փոխանցում է Հայաստանի ԱԺ-ն։
Անատոլի Ֆոմենկոն խոսել է միգրացիոն ոլորտում արձանագրված դրական արդյունքներից: Ըստ նրա՝ համաձայն մարտի 8-ին ՌԴ նախագահի կողմից ստորագրված միջպետական համաձայնագրի՝ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մտադիր են աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում, ազատվում են համապատասխան աշխատանքային թույլտվություն ձևակերպելու անհրաժեշտությունից: Անատոլի Ֆոմենկոն տեղեկացրել է, որ այժմ ՌԴ-ում է գտնվում շուրջ կես միլիոն ՀՀ քաղաքացի, որոնց մեծ մասը եկել է աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով:
Գագիկ Եգանյանը նշել է, որ միգրացիոն գործընթացներն իրենց ծավալներով և թողած հետևանքներով այսօր դասվում են ՀՀ-ին ամենից շատ հուզող երևույթների թվին, իսկ դրանց կարգավորումը համարվում է կառավարության գործունեության գերակա ուղղություններից մեկը: Նշվել է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ՌԴ-ում զբաղված է շինարարության ոլորտում: Գագիկ Եգանյանը խոսել է ՀՀ-ՌԴ միգրացիայի տեղաշարժից, ՌԴ-ում մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրներից:
Մտքերի փոխանակության ընթացքում հայ և ռուս պատգամավորները խոսել են ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու առանձնահատկություններից, ինտեգրման ուղղությամբ իրականացված աշխատանքներից, խնդիրներից ու մարտահրավերներից, ԵՏՄ-ԵՄ փոխգործակցությունից, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունից:
Նիստի ավարտին պատգամավորներն ընդունել են համատեղ հայտարարություն: