Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետական դումայի հանձնաժողովների համատեղ նիստը


Այսօր Երևանում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստը:

ԱԺ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի և առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ:

Ըստ փոխվարչապետի՝ Եվրասիական միությունը, թերևս, աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է: Այնուամենայնիվ, Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ միությունն ունի դեռևս չիրացված հսկայական ներուժ: Փոխվարչապետն անդրադարձել է նաև ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հեռանկարներին և նշել.- «Մենք գիտակցում ենք, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջելու և պետք է դրա համար օգտագործել համագործակցության ներուժը բոլոր հնարավոր ձևաչափերում»:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին ընդգծել է, որ երկու հանձնաժողովները ծավալուն աշխատանք են կատարել արդեն իսկ անցկացված երկու համատեղ նիստերի ընթացքում: Նա կարևորել է միջազգային հարթակներում համագործակցությունը և երկկողմ հանդիպումներն առավել պարբերական դարձնելը:

ՌԴ ԴԺ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովի գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է ազգային ինքնիշխանության ամրապնդում և ազգային տնտեսությունների զարգացում:

Մտքերի փոխանակության ընթացքում հայ և ռուս պատգամավորները խոսել են ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու առանձնահատկություններից, ինտեգրման ուղղությամբ իրականացված աշխատանքներից, խնդիրներից ու մարտահրավերներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG