Մատչելիության հղումներ

Ատոմային գործակալությունը դեռևս վստահ չէ, որ Իրանի ծրագիրը խաղաղ նպատակ ունի


ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի իրական պոտենցիալի մասին պատկերացում կազմելու համար իրենց անհրաժեշտ է Թեհրանի առավել մեծ աջակցությունը:

Գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մարտի 23-ին Վաշինգտոնում կայացած կոնֆերանսի ժամանակ նշել է, որ Թեհրանը համագործակցում է իրենց հետ, սակայն առայժմ իրենց հասանելի տվյալների հիման վրա հնարավոր չէ եզրակացնել, որ «Իրանը խաղաղ նպատակներ է հետապնդում»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստուգումները անցկացվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգընթաց:

Իրանի և աշխարհի 6 առաջատար պետությունների ներկայացուցիչներ անցած շաբաթ բանակցություններ անցկացրեցին Շվեյցարիայում, փորձելով համաձայնության հասնել Թեհրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները թեթևացնելու շուրջ:

Կողմերը նախատեսում են շրջանակային համաձայնագիր կնքել մինչև մարտի 31-ը, իսկ վերջնական պայմանագրի ստորագրումը նախատեսվում է հունիսի 30-ին:

Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, սակայն Արևմտյան տերությունները կասկածներ ունեն, որ իրականում Թեհրանը փորձում է միջուկային զենք ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG