Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է մարտի 22-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել այս տարի Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման միջոցառումների ընթացքին:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերն` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ», - մասնավորապես ասված է նախարարության հաղորդագրության մեջ: