Փետրվար - մարտ ամիսներին Երևան քաղաքի բնակիչ Յու. Ավագյանից գումար շորթելու նպատակով վերջինիս ավտոտնակի ուղղությամբ կրակոցներ արձակելու և այնտեղ կայանված «Տոյոտա Լանդ Կրույզեր» մակնիշի ավտոմեքենան վնասելու, օրեր անց էլ՝ նրա եղբորը պատկանող տան տան դարպասի բռնակին նռնակ և պայթուցիչ ամրացնելու կասկածանքով մարտի 21-ին ձերբակալվել են Հ. Հայրապետյան և Ս. Հայրապետյան եղբայրները։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննության ընթացքում գործով տուժողը վարույթն իրականցնող մարմնին ներկայացրել է անհայտ անձի կողմից իրեն հասցեագրված մի քանի սպառնալից նամակներ։ Մասնավորապես` հեղինակը նշել է, որ ավտոտնակի վրա կատարված կրակոցները կատարվել են իր կողմից և պահանջել 32.000 ԱՄՆ դոլար` սպառնալով, որ հակառակ պարագայում «շատ վատ կլինի» նրա և նրա ընտանիքի անդամների համար:
«Դատարանի թույլտվությամբ կատարված խուզարկության արդյունքում՝ ՀՀ քաղաքացի Հ. Հայրապետյանի հաշվառման վայրից հայտնաբերվել և առգրավվել է 1 հատ հրացան, նոթբուք տեսակի համակարգիչ, «HP» տեսակի տպիչ սարք, որի պատճենահանման փեղկի տակ դրված Ա4 չափսի թղթի վրա առկա են եղել որոշ գրառումներ, այդ թվում՝ տուժողի հասցեն», - ասված է հաղորդագրությունում:
Եղբոր` Ս.Հայրապետյանին պատկանող քարի մշակման արտադրամասից և նրա բնակության վայրից էլ տարբեր տեսակի զենք-զինամթերք է հայտնաբերվել։
Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ: