Մատչելիության հղումներ

Ցեղասպանությունները միջազգային հանրության ոչ միասնական դիրքորոշման հետևանք են․ Սերժ Սարգսյան


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումը հանդուրժողականության և միասնականության կոչն է միջազգային հանրությանը: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Գերմանական Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին:

Միասնականությունը կարևորվել է հատկապես, երբ ընթացիկ տարում ոգեկոչվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության, 100-րդ տարելիցը, ասել է նախագահը: Նրա խոսքով՝ ակնհայտ ճշմարտություն է այն, որ ցեղասպանությունները, որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություններ, տեղի են ունենում կամ կրկնվում են միջազգային հանրության կողմից ոչ միասնական դիրքորոշման պատճառով:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ Մարշալ հիմնադրամն իր ստեղծման առաջին իսկ օրվանից կոչված է եղել նպաստելու միջազգային խաղաղության, անվտանգության, կայունության, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու ժողովուրդների բարեկեցությանը, և ընդգծել, որ Հայաստանի համար հատկապես կարևոր է հիմնադրամի առաքելություններից մեկը՝ համաշխարհային մարտահրավերներին միասնական ուժերով դիմակայելու և դրանք հաղթահարելու կառուցակարգերի մշակումը:

Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում և արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների խորհուրդը, ներածական իր խոսքում անդրադարձել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայաստան - Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

Նախագահը նաև պատասխանել է Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես վերոնշյալ թեմաներին, այնպես էլ Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին ու համագործակցության զարգացման հեռանկարին, Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկային և արտաքին գործոններով պայմանավորված հնարավոր դժվարություններին ու մարտահրավերներին, Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական զարգացման նոր հնարավորություններին, ներքաղաքական վիճակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG