Վճռաբեկ դատարանը հունվարի 30-ին մերժել է վարույթ ընդունել Վոլոդյա Ավետիսյանի վճռաբեկ բողոքն ու ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը։
Հիշեցնենք՝ անցած տարվա հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու կալանավորված Վոլոդյա Ավետիսյանին: Նրա պաշտպան Արա Զաքարյանն էլ Վճռաբեկ դատարանից պահանջեց կա՛մ բեկանել առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանների որոշումներն ու գործն ուղարկել նոր քննության, կա՛մ էլ, բեկանելով այդ որոշումները, մեղմել պատիժն ու դատարանի դահլիճից ազատ արձակել ազատամարտիկին։
Ուշագրավ է, որ Վճռաբեկը որոշում է կայացրել հունվարի 30-ին, մինչդեռ Ավետիսյանի պաշտպանն ու ընտանիքի անդամները, ընկերները այս մասին իմացել են այսօր։ Վերաքննիչ դատարանի որոշումն այլևս բողոքարկման ենթակա չէ։
Ավետիսյանը չի ընդունում մեղքը։ Ընտանիքը հայտարարեց, որ վերջին հույսը Եվրոպական դատարանն է։
Նաիրա Բուլղադարյան