Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամայել է ուկրաինական զինված ուժերին դադարեցնել կրակը երկրի արևելքում՝ այս շաբաթ կնքված հրադադարի պայմաններին համապատասխան: Պորոշենկոն նկատել է, թե՝ «աշխարհը շունչը պահած սպասում է», հուսալով, որ հրադադարը կպահպանվի:
Փետրվարի 12-ին Մինսկում համաձայնեցված փաստաթղթով ուկրաինական ուժերը և ռուսամետ անջատականները պետք է դադարեցնեին կրակը փետրվարի 15-ին՝ կեսգիշերից մեկ րոպե անց: Դոնեցկում կեսգիշերից հետո կրակոցներն իսկապես դադարել են: Կրակոցներ չեն հնչել նաև Արտեմևսկում՝ Դեբալցևոյի հյուսիսում, որն անցած օրերին մի քանի անգամ հրթիռակոծվել էր: