Մատչելիության հղումներ

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը աջակցում է համանախագահների դիրքորոշմանը


Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ արտահայտած դիրքորոշումը։

«Միջնորդները անկողմնակալորեն նշում են հակամարտության սրացման մեջ Ադրբեջանի պատասխանատվությունը։ Աննախադեպ փաստ է, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը դիվանագիտական բառապաշարով նշում է միջադեպերի բազմապատկման գործում Ադրբեջանի առաջնահերթ պատասխանատվության մասին»,- նշված է շրջանակի տարածած հայտարարությունում։

«Մենք անվերապահորեն սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությամբ արտահայտված դիրքորոշումը»,- հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը «խորը մտահոգություն էին հայտնել շփման գծի երկայնքով և Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա հարձակումների առնչությամբ։ Համանախագահները Ադրբեջանին նաև կոչ էին արել «կատարել հակամարտության խաղաղ կարգավորման լուծման նպատակով ստանձնած սեփական պարտավորությունները»:

«Մենք ողջունում ենք համանախագահների կողմից ընտրված եզրույթները, քանի որ դրանցով ճանաչվում է Հայաստանի զուսպ պահվածքը, ինչպես նաև ենթադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը»,- ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Բարեկամության շրջանակի նախագահը նաև ասել է՝ պատրանք է կարծել, թե առանց ղարաբաղյան կողմին հաշվի առնելու կարելի է հասնել խաղաղության համաձայնության:

«Իրավացի են միջնորդները, երբ իրերն իրենց անունով են կոչում և մատնացույց անում Ադրբեջանի պատասխանատվությունը շփման գծում անկայունություն մտցնելու նպատակ հետապնդող ռազմական սադրանքներում»,- ընդգծել է Ռոշբլուանը:

«Հարձակվողի և պաշտպանվողի միջև տարբերություն չդնելը չի նպաստում խաղաղությանը: Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով նախընտրելի է իրականությունը արտացոլող օբյեկտիվությունը, քան կեղծ անկողմնակալությունը, որով նույն հարթության վրա են դրվում ղարաբաղյան ժողովրդավարությունը և Ադրբեջանի բռնատիրությունը»,- եզրափակել է է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG