Հիմք ընդունելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը, Կառավարությունը այսօր հաստատեց մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:
Ցանկում ընդգրկված է Արարատի և Գեղարքունիքի մարզերի մեկական, Վայոց Ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք:
«Հաստատում ենք այն սահմանապահ համայնքների ցանկը, որոնց մենք արտոնություններ ենք տվել», - Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից և մեծ աջակցություն է սահմանամերձ համայնքներին:
Վարչապետը նշեց, որ վերջերս տեղի են ունեցել գնդակոծություններ, ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները, և Կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով:
«Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ», - հայտարարեց Աբրահամյանը: