Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ «Շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող»


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների, «որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող»:

«Ըստ հավաստի աղբյուրների, սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են»,- ասված է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 և 82մմ-ոց ականանետերից և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

«Հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները և անհրաժեշտության դեպքում իրականացնում զսպիչ գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Հունվարի 3-ին, հիշեցնենք, ԼՂ ՊԲ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունը կասեցնելու ընթացքում հայկական կողմը երկու զոհ էր տվել, իսկ հակառակորդը կորուստներ կրելով ետ էր շպրտվել ելման դիրքեր:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը APA գործակալության հետ զրույցում հերքել է իր զոհերի մասին տեղեկատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG