Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ անցած գիշեր ժամը 3:15-ի սահմաններում Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն։
Ըստ հաղորդագրության, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում կորուստներ կրելով՝ հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
«Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը` զորակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և ծառայակիցներին։
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Տե՛ս նաև այստեղ։