Հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 3 անձ։
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մ. Բաբայանը և երկու շարքային զինծառայող։ Մ. Բաբայանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին փոխանցմամբ՝ շարքային զինծառայողները կասկածվում են Դ.Քոլոյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով ծաղրուծանակի ենթարկելու, վիրավորելու մեջ։
Շարքային Չապուխյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), իսկ շարքային Սիմոնյանը Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին շարքային Դավիթ Հրաչյայի Քոլոյանը «արթուն» հերթափոխի դիտակետում իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:
Գործով նախաքննությունը շարունակվում է: