Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգան Ալիևին նոր, ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել՝ առավելապես խոշոր չափերի յուրացում։
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով փաստաբան Ջավադ Ջավադովին, նշում է, որ այս մեղադրանքի դեպքում ակտիվիստին սպառնում է 12 տարվա ազատազրկում։
Օգոստոսի 8-ից ձերբակալված Ինթիգան Ալիևը, ով միջազգային հանրությանը հայտնի է Ադրբեջանում իր իրավապաշտպան գործունեությամբ, այդ երկրի իրավապահների կողմից մեղադրվում է հարկերից խուսափելու, լիազորությունները չարաշահելու և անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ։
Ավելի վաղ Ինթիգան Ալիևի կալանքը երկարաձգվել էր մինչև 2015 թվականի փետրվարի 8-ը։
Ակտիվիստը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, թե ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման։