Այսօր Կարսում կմեկնարկի Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը:
Ի դեպ, փետրվարին Գյանջայում կայացած վերջին նմանատիպ հանդիպումից հետո տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափին մաս կազմող երեք պետություններից երկուսում` Վրաստանում և Թուրքիայում արտաքին գործերի նախարարների փոփոխություն է տեղի ունեցել: Թամար Բերուչաշվիլին աշնանը փոխարինելու եկավ հրաժարական ներկայացրած Մայա Փանջիկիձեին, իսկ Մևլութ Չավուշօղլուն թուրքական արտգործնախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնեց օգոստոսի վերջին, երբ Ահմեթ Դավութօղլուն հաստատվեց վարչապետի պաշտոնում:
Մի քանի ժամից մեկնարկող բանակցությունների ընթացքում կողմերը հիմնականում կենտրոնանալու են տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործման վրա` այդ թվում Հայաստանը շրջանցող Բաքու - Թբիլիսի - Ախալքալաք - Կարս երկաթուղու շինարարությանը: Ի դեպ, Գյանջայում կայացած հանդիպման ժամանակ ևս սա նախարարների քննարկած առանցքային թեմաներից մեկն էր: Նրանք այն ժամանակ պայմանավորվել էին արագացնել երկաթուղու շինարարությունը: Չնայած դրան, այսօր էլ՝ Գյանջայի հավաքից 10 ամիս անց, Հայաստանը շրջանցող տրանսպորտային այս ուղին դեռ չի գործում:
Ինչ վերաբերում է այսօր մեկնարկող բանակցություններին, ապա դրանց օրակարգի մասին շաբաթասկզբին կայացած ճեպազրույցի ժամանակ որոշ մանրամասներ հաղորդեց Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն: «Դեկտեմբերի 10-ին Կարս քաղաքում կայանալիք նախարարական հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են տարածաշրջանային համագործակցության ընդհանուր խնդիրները, ինչպես նաև ուսումնասիրելու են նախորդ հանդիպումների ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը», - հայտարարեց վրացական արտգործնախարարության խոսնակը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում էլ ասված է․ - «Եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկում են թե՛ երկկողմ և թե՛ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող բոլոր հարցերը: Բացի այդ, հանդիպումները նպաստում են ընդհանուր շահերի վրա հիմնված միասնական գգործողությունների պլանի ձևավորմանը»:
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումները սկիզբ առան 2012-ի ամռանը: Առաջին նման հանդիպումը կազմակերպվեց Տրապիզոնում: Հետագայում այս ձևաչափը ընդլայնվեց: Այս տարվա հունիսին Թբիլիսիում կայացավ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթնաժողովը: Դրանից երկու ամիս անց էլ`օգոստոսի 18-ին Նախիջևանում հանդիպեցին երեք երկրների պաշտպանության նախարարները: