Մատչելիության հղումներ

Գյանջայում հանդիպում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները


Ադրբեջան - Գյանջա քաղաքի փողոցներից մեկը, արխիվ
Ադրբեջան - Գյանջա քաղաքի փողոցներից մեկը, արխիվ

Սա նման ձևաչափով երրորդ հանդիպումն է:

Մի քանի ժամից Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյանջայում կմեկնարկի Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հերթական եռակողմ հավաքը:

Էլմար Մամեդյարովի, Մայա Փանջիկիձեի և Ահմեթ Դավութօղլուի քննարկման թեմաները, ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության, «երեք պետությունների միջև հարաբերություններն են լինելու, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող խնդիրները»:

Սա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների նմանատիպ երրորդ հանդիպումն է:

Առաջին նման համաժողովը տեղի ունեցավ մոտ մեկուկես տարի առաջ` 2012 թվականի հունիսի 8-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում: Այն ժամանակ եռակողմ համագործակցության այս ձևաչափի հիմնադիրները հատուկ ընդգծում էին, որ այն ուղղված չէ տարածաշրջանի պետություններից և ոչ մեկի դեմ: Այն ժամանակ Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոլ Վաշաձեն հայտարարում էր․ - «Նոր ձևաչափը որևէ մեկի դեմ ուղղված չէ և նպատակ ունի ծառայել բացառապես մեր պետությունների միջև ռազմավարական համագործակցության խորացմանը, ինչպես նաև ազգային շահերի համատեղ պաշտպանությանը»:

Ադրբեջանական, վրացական ու թուրքական դիվանագիտության ղեկավարների հաջորդ հանդիպումը կայացավ արդեն անցած տարվա մարտին` Բաթումիում: Այն ժամանակ օրակարգային թիվ մեկ թեման տրանսպորտային համագործակցությունն էր` նախևառաջ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության տեմպերի արագացումը: Բաթումիում կայացած բանակցությունների ընթացքում նախարարները նույնիսկ պայմանավորվել էին Հայաստանը շրջանցող այս երկաթուղու շինարարությունն ավարտել մինչև 2013 թվականի վերջը:

Չնայած դրան՝ շինարարությունը ոչ միայն չավարտվեց, այլև ձմռան մեկնարկի հետ ընդհանրապես դադարեցվեց: Շինարարության ընդհատումը ադրբեջանական կողմը պատճառաբանում էր «Վրաստանում առկա եղանակային վատ պայմաններով»: Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ Բաքվում ակնկալիքներ կան, թե երկաթուղու շինարարությունը հնարավոր կլինի վերսկսել արդեն մի քանի շաբաթից` մարտ կամ ապրիլ ամիսներին:

Անցած տարի Բաթումիում կայացած բանակցությունների մյուս թեման եռակողմ վրաց - ադրբեջանա - թուրքական ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումն էր, որի առարկայական դրսևորումները նույնպես մինչ օրս առանձնապես զգալի չեն:

Հավելենք նաև, որ այսօր եռակողմ բանակցությունների ավարտին Մայա Փանջիկիձեն և Էլմար Մամեդյարովը կմասնակցեն Գյանջայում Վրաստանի հյուպատոսության բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG