Երևանում այսօր կայացել են միջգերատեսչական խորհրդատվություններ Հայաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկու մասնակցությամբ:
Հայաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդատվությունների ընթացքում քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակ:
«Պատշաճ ուշադրություն հատկացվեց եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի նախատեսվող անդամակցությունը: Հանգամանալից քննարկում ծավալվեց 200-ից ավելի պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի կատարելագործման և ընդլայնման հարցերի շուրջ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։
Խորհրդատվությունների մասնակիցներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: