Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հանդիպելու է երկրի անվտանգության մարմինների ղեկավարների հետ։
Պորոշենկոն հայտարարել է, որ նոյեմբերի 2-ին Լուգանսկում և Դոնեցկում անցկացված ընտրությունները խախտում են Մինսկում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, թե մտադիր է վերանայել երկրի երկու հիմնականում ռուսախոս մարզերին մասնակի ինքնավարություն տալու մասին օրենքը։
Սպիտակ տունը հայտարարել է, որ չի ընդունում ռուսամետ անջատականների անցկացրած ընտրությունները և անհանգստություն է հայտնել, որ Մոսկվան փորձել է օրինականացնել քվեարկության արդյունքները։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ասել էր, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ընտրված իշխանությունները այսուհետ ունեն Կիևի հետ բանակցելու մանդատ։