Անտեսելով Ուկրաինայի իշխանությունների և արևմտյան երկրների հորդորները` Դոնեցկի և Լուգանսկի ռուս անջատականները երեկ իրենց «ժողովրդական հանրապետություններում» ընտրություններ են անցկացրել։
«Ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցել ընտրություններին»,- ասել է Դոնեցկի «ժողովրդական հանրապետության» ընտրական հանձնաժողովի անդամ Ռոման Լյագինը։ Նա էլ հայտարարել է, որ այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավար է ընտվել Ալեքսանդր Զախարչենկոն։
Վերջինս ասել է, թե ժողովրդի ակտիվությունը վկայում է, որ այդ տարածքի բնակիչները ոչ միայն ի զորու են լավ պատերազմել, այլև պայքարել ապագա երջանիկ կյանքի համար։
Իսկ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ղեկավար է ընտրվել Իգոր Պլոտնիցկին: Այդ մասին հայտարարել է չճանաչված կազմավորման ընտրական հանձնաժողովը նախագահ Սերգեյ Կոզյակովը։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկրի արևելյան շրջանների նոյեմբերի 2-ի քվեարկությունն անվանել է «ֆարս, որը հնարավոր էր իրականացնել միայն բնակիչներին տանկերի և թնդանոթների թիրախում պահելու միջոցով»։
Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ ռուս անջատականների կազմակերպած այդ ձեռնարկն «ապօրինի է և միայն խոչընդոտում է խաղաղության հաստատման գործընթացը»։ Նրա խոսքերով, Բրյուսելը որևէ պարագայում չի ճանաչի այդ ընտրությունների արդյունքները։
Մինչդեռ, Դոնեցկի «ընտրական հանձնաժողովի» ղեկավարի խոսքերով, Կիևը պետք է վերջապես հաշտվի այն իրողության հետ, որ Դոնբասի շրջանն այլևս Ուկրաինայի մաս չի կազմում։
«Դրա հետ կարելի է չհամաձայնել, բայց վիճարկել հնարավոր չէ, կճանաչեն, թե չեն ճանաչի` դա արդեն Կիևի գործն է, մենք ամեն ինչ ինքներս ենք որոշել», - ասել է Ռոման Լյագինը։
Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ Դոնբասի քվեարկությունները միանգամայն օրինական են։
«Մենք հարգելու ենք Ուկրաինայի արևելյան շրջանների բնակչության կամարտահայտության արդյունքը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան։
Դոնբասի անջատականները ղեկավարներից բացի ընտրել են նաև տեղական խորհուրդներ։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, որ նոյեմբերի 2-ի քվեարկությունները «հակասում են միջազգային միջնորդությամբ սեպտեմբերի 5-ին Մինսկում ձեռք բերված համաձայնությունների ոգուն և տառին»։
«Մենք հաշվի ենք առնելու միայն Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի հավաստիացումներն առ այն, որ Ուկրաինայի ամբողջականությունը կասկածի տակ չի դրվի», - գրել է Շտայնմայերն իր թվիթերյան էջում։
Արևմտյան վերլուծաբանների համոզմամբ, նոյեմբերի 2-ի քվեարկությունները միայն խորացնելու են Կիևի և Դոնբասի միջև գոյացած անջրպետը։
«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, հակաօդային պաշտպանության զենք փոխադրող մոտ քսան բեռնատարներ երեկ երեկոյան հայտնվել են Դոնեցկի մոտակայքում և շարժվել են դեպի քաղաքի օդանավակայան։
«Մենք ռուսներին նախազգուշացնում ենք՝ այդ ապօրինի քվեարկությունները չօգտագործել որպես լրացուցիչ զորք ու զինտեխնիկա Ուկրաինա մտցնելու առիթ», - ասել է ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մարք Սթրոհը։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան սպա, Եվրոպայում ամերիկյան զինուժի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլովը նույնպես ասել է, որ նոյեմբերի 2-ի քվեարկությունները հակասում են սեպտեմբերի 5-ի մինսկյան համաձայնություններին։
Ուկրաինայում այս տարվա ապրիլից սկսված մարտական գործողություններում սպանվել է ավելի քան 4 հազար մարդ։