Մատչելիության հղումներ

Սահմանամերձ գյուղերի բնակիչները թերահավատ են իրենց արտոնություններ տվող օրինագծի առնչությամբ


Սահմանամերձ գյուղերի բնակիչները թերահավատ են իրենց արտոնություններ տվող օրինագծի առնչությամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00

Սահմանամերձ գյուղերի բնակիչները թերահավատ են իրենց արտոնություններ տվող օրինագծի առնչությամբ

Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչները լսել են Ազգային ժողովում թեժ քննարկումները սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տալու վերաբերյալ, սակայն վստահ են՝ եթե անգամ դա իրականություն դառնա, ոչ ոք չի համաձակվի իրենց գյուղ տեղափոխվել ու բիզնես սկսել։

Իշխանությունների կողմից առաջարկվող արտոնությունից գյուղացիները պատրաստ են հրաժարվել: Նրանք գրեթե միաձայն պնդում են՝ մեզ համար միակ աջակցությունը կոմունալ վարձերի զեղչը կամ փոխհատուցումը կլիներ։

Սահմանամերձ գյուղերում ոչ միայն աշխատատեղեր չկան, այլև ժամանակ առ ժամանակ հաճախացող կրակոցների պատճառով գյուղացիները չեն կարողանում հողը մշակել:

Պետությունից հույսը համարյա կտրել են, հավատում են, որ գուցե գտնվի մի մեծահարուստ գործարար, ով լույսի ու գազի վարձերից, գյուղի բնակիչ Իռա Ոսկանյանի խոսքով, «կփրկի» իրենց - «Գոնե այդ գազի փողով ալյուր կառնեն, լույսի փողով ձեթ առնեն: Եթե ձեթը, հացը, կարտոֆիլը լինի, արդեն այդ մարդը գոնե իր գոյատևությունը կպահպանի»:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն անկեղծորեն ասում է՝ լավ կլիներ եթե ընդուվեր և՛ հարկային արտոնությունների, և՛ գազի ու էլեկտրաէնեգիայի վարձերը փոխհատուցող առաջարկը, նման առաջարկ ինքն էլ է արել վարչապետին։

Նման առաջարկ էր արել նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ)՝ գրավոր, որն այդպես էլ շրջանառության մեջ չդրվեց:

«Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ իրենք զգան, որ պետությունը կանգնած է իրենց մեջքին, ինչպես իրենք են ըստ էության կանգնած առաջին ճակատում և պետության թիկունքին», - «Ազատության» հետ զրույցում այսօր հարց հնչեցրեց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, Հայաստանի բնակչության շուրջ 30 տոկոսը կազմող աղքատներից հատկապես այս մարդիկ իրավունք ունեն օգտվելու նման արտոնությունից:

«Որովհետև Երևանի կենտրոնի բնակիչը ունի իր պատուհանին ապակի, իսկ, ասենք, Այգեպար գյուղի բնակիչը իր պատուհանին չունի ապակի, որովհետև հենց որ ինքը ապակի է գցում, մի շաբաթվա մեջ ադրբեջանցիներն այդ ապակին ջարդում են: Դրա համար ինքը ցելոֆանով է փակում իր պատուհանը, որովհետև ապակի դնելը իմաստ չունի: Սրա հետևանքով ինքը մեկ քառակուսի մետր տարածքը տաքացնելու համար ավելի շատ էներգիա է ծախսում, քան Երևանի կենտրոնի բնակիչը», - փաստարկեց նա:

Թեև Կառավարությունը խոստանում էր Փաշինյանի առաջարկից ավելի համապարփակ առաջակով հանդես գալ, ԱԺ ուղարկեց միայն հարկային բեռնը թեթևացնել և բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին օրինագիծ։

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը վստահ է, որ օրենքն աշխատելու է: Նա սամանամերձ գյուղերի տարածքներն անգամ համեմատում է Լաս Վեգասի հետ․ - «Գիտե՞ք Նևադան ինչի ա այդքան զարգացել: Ուրեմն եղել ա հարկի ազատում ընդամենը»:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, գյուղացիների նման չի հավատում, որ որևէ մեկն այնտեղ կորոշի բիզնես դնել․ գուցե, որոշ օլիգարխների դա գրավի, բայց՝ միայն բիզնեսն այնտեղ գրացնելու, ոչ թե աշխատեցնելու տեսնակյունից։

Նրա խոսքով՝ եթե անգամ ամեն ինչ իդեալական լիներ ու մի քանի տարի հետո հայ-ադբեջանական սահմանի գյուղերը դրախտի վերածվեին, միևնույնն է այսօր գյուղացի խնդիրը չի լուծվում։

XS
SM
MD
LG