Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը բացասական գնահատական տվեց «Սահմանապահ համայնքների մասին» օրինագծին


ԱԺ հանձնաժողովը բացասական գնահատական տվեց «Սահմանապահ համայնքների մասին» օրինագծին
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

Նախագծին դրական եզրակացություն տալուն կողմ քվեարկեց միայն Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը երկուշաբթի օրը բացասական եզրակացություն տվեց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագծին, որով ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է մի շարք արտոնություններ տալ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, մասնավորապես ազատել հողի և անշարժ գույքի հարկից, 50 տոկոսով փոխհատուցել գազի, հոսանքի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձը և այլն:

Հանձնաժողովի «Ժառանգություն», ՀՅ Դաշնակցություն և «Օրինաց երկիր» խմբակցությունների անդամները չէին մասնակցում այսօրվա նիստին: Նախագծին դրական եզրակացություն տալուն կողմ քվեարկեց միայն Նիկոլ Փաշինյանը: Հանրապետականի և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները [ընդամենը 5 պատգամավոր] քվեարկեցին ձեռնպահ:

Հանձնաժողովի նախագահ՝ «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Ստեփան Մարգարյանը Փաշինյանին առաջարկում էր ժամանակավորապես հետաձգել այսօրվա քվեարկությունը՝ նշելով, որ Փաշինյանի բերած նախագիծը կիսատ է, եթե այն ընդունվի, ուրիշ օրենքներ պիտի փոփոխեն։

«Մենք մեր կողմից՝ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք գնացին սահմանամերձ շրջաններ, առաջարկություններ ներկայացրել ենք կառավարությունը: Ճիշտ կլինի բոլոր քաղաքական ուժերը միասնաբար ստեղծեն այս փաստաթուղթը, հատկապես, որ գործադիրին իրենք են առաջարկներ ուղարկել։ Հիմա եթե Դուք համաձայն եք, որ միացնենք այդ ամեն ինչը և միասնական ներկայացնենք, ուրեմն ժամանակ է պետք: Դուք կհամաձայնե՞ք սա հետաձգել մի քանի օրով՝ այդ ուղղությամբ աշխատենք, նոր դնենք քվեարկության», - հարցրեց Մարգարյանը:

Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց՝ թող նախագիծը մտնի օրակարգ, հետո ինքն անձամբ կնախաձեռնի քննարկումներ մյուս ուժերի հետ, նույնիսկ համաձայն է, որ օրենքի համահեղինակ դառնան։

«Չեմ սպասի, որ դուք ինձ զանգեք, կամ գաք իմ սենյակ։ Ես կզանգեմ, կգամ ձեր սենյակներ, Կառավարությունում, Ազգային ժողովում կքննարկենք», - ասաց Փաշինյանը։

Ավելին, նա խոստանում էր օրենքը հանել շրջանառությունից, եթե բոլոր խմբակցությունների համաձայնությամբ խորհրդարան բերվի նոր՝ ավելի հաջող նախագիծ:

Կառավարությունը ևս հորդորել էր Փաշինյանին ձեռնպահ մնալ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց։ Նիստին ներկա Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց՝ սեպտեմբերի սկզբին գործադիրում ստեղծված աշխատանքային խումբը երկու օրից նիստ է գումարելու։

«Արդեն այդ օրը կարծում եմ, որ մենք որոշակի արդեն կոնկրետացված առաջարկությունների վերջնական փաթեթ կունենանք, որը հաստատապես ձեր բարձրացրած կոնցեպտուալ խնդիրներին կանդրադառնա», - ասաց Տերտերյանը։

Հանձնաժողովի «Հանրապետական» փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը դեմ չէր սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալուն, բայց, դարձյալ, առաջարկեց քվեարկությունը հետաձգել։

«Օրենքի հետ, այս վիճակով, կան և՛ լրացուցիչ քննարկումների կարիք, և՛ լրացուցիչ ինֆորմացիայի կարիք։ Կարծում եմ, դուք էլ եք համաձայն՝ հետաձգելուց հետո, միևնույն է, ցանկացած պահի դուք կարող եք ներկայացնել քննարկման», - ասաց Հովհաննիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, ո՛չ շուրջ երկու ժամ տևած քննարկումից, ո՛չ էլ ընդմիջմանը` փակ դռների հետևում բանակցություններից հետո չհրաժարվեց նախագիծը Ազգային ժողովի օրակարգում տեսնելու իր ցանկությունից։

«Նախագիծը հենց դրա համար էլ կոչվում է նախագիծ։ Այսինքն՝ եթե դա լրացուցիչ քննարկումների և տեղակատվության կարիք չունենար, նախագիծ չէր կոչվի, ուրիշ բան կկոչվեր։ Ըստ էության, առաջարկվում է՝ եղած նախագիծը հետաձգել, հանուն չեղած նախագծի», - հայտարարեց Փաշինյանը։

Նա պատրաստակամ էր ընդունել հնչած բոլոր առաջարկներն ու դիտողությունները, բայց ասում էր, հարցը նաև քաղաքական նշանակություն ունի՝ «ձմռան շեմին գյուղացիներին հրատապ պետք է օգնել, ժամանակ չկա, շուտով սկսվում են բյուջեի նախագծի քննարկումները, և, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, մինչև երկուշաբթի մեկնարկող քառօրյա չեն հասցնի նոր նախագիծ բերել»։

«Երեք ամիս անցել է իրադարձություններից, անընդհատ ասվել է, որ մենք կզբաղվենք սահմանամերձ գյուղերով, էս օրենքը կընդունենք, էն օրենքը կընդունենք, բայց մենք մինչև հիմա քառօրյայի օրակարգում չունենք որևէ նախագիծ։ Այսինքն՝ «դե յուրե» մեր քաղաքական օրակարգում այդ հարցը ընդգրկված չէ», - նշեց Փաշինյանը։

Նիստի ավարտին ընդդիմադիր պատգամավորը ձեռնպահ մնաց գործընկերների որոշմանը քաղաքական գնահատական տալուց։

«Ես շատ պարզ հարց տվեցի, թե եթե սա չհետաձգենք, այս հարցի ընդգրկումը քառօրյայի և նստաշրջանի նիստում ինչո՞վ կխանգարի ձեր ասած մյուս պրոցեսներին: Էդ հարցը պատասխան չունի, որովհետև ոչ մի բանով չի խանգարի», - նշեց Փաշինյանը:

Անգամ այսօրվա քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը չի նահանջելու. արտոնություններն օր առաջ պիտի օրենքով ամրագրվեն, գյուղացիներին խոսք է տվել, նրանց այս օրենքի նախագծի համահեղինակ է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG