Մատչելիության հղումներ

Նախագահին ներկայացվելիք հայեցակարգը սոսկ «մասնակի փոփոխություններ» կկրի


Նախագահին ներկայացվելիք հայեցակարգը սոսկ «մասնակի փոփոխություններ» կկրի
please wait

No media source currently available

0:00 0:03:40 0:00

Հանրապետության նախագահին հոկտեմբերի 15-ին ներկայացվելիք սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը կենթարկվի միայն մասնակի փոփոխությունների:

Երեկ երեկոյան լրագրողների հետ կայացած ճեպազրույցում այս մասին հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ և Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

«Ներկայացվելու է դրա մասնակի փոփոխություններով հանդերձ տարբերակը, որը պետք է հաշվի առնի, թե որքանով հանձնաժողովի անդամները համամիտ կլինեն, հաշվի առնի նաև Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները», - ասաց Հարությունյանը:

Ըստ ՍԴ նախագահի՝ փոփոխությունները հստակ կդառնան հոկտեմբերի 10-ից հետո, երբ կկայանա Վենետիկի հանձնաժողովի նիստը, որը և «կներկայացնի իր վերաբերմունքը»:

Մարտին հրապարակված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի համաձայն, փաստորեն, առաջարկվում է ներկայիս կիսանախագահականից անցում կատարել խորհրդարանական հանրապետության:

Նախորդ ամիսներին հանրային քննարկումներին զուգահեռ պարզ դարձավ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը դեմ են իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին՝ հավանական համարելով, որ պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո՝ արդեն խորհրդարանական Հայաստանում, նախագահ Սերժ Սարգսյանը կշարունակի իր ձեռքում պահել իշխանության ղեկը՝ դառնալով խորհրդարանի նախագահ կամ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ղեկավար:

Հանրապետականները հերքում են սա՝ հայտարարելով, որ սահմանադրական բարեփոխումների նպատակը Հայաստանի համար ավելի ժողովրդավարական՝ խորհրդարանական կառավարում ապահովելն է: Իր հերթին, նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ պաշտոնավարման ավարտից հետո այլևս երբեք չի հավակնի նախագահի ու վարչապետի պաշտոններին:

«Ազատության» դիտարկմանը, թե քննարկումներից հետո, չնայած ընդդիմադիր քաղաքական ուժերի առարկությանը, նախագահին ներկայացվելու է սահմանադրական փոփոխությունների միայն մեկ տարբերակ, որն այլընտրանք չի ունենալու, Գագիկ Հարությունյանն արձագանքեց․ - «Այլընտրանքը գործող համակարգն է: Հնարավոր է նաև, որ քննարկումները բերեն քաղաքական հարթության վրա այն եզրակացության, որ ոչ թե այս տարբերակն ենք ընտրում, այլ խորհրդարանականի այս տարբերակները կամ անցում ենք կատարում ընդհանրապես նախագահական կառավարման համակարգի, և այդ դեպքում պետք է նոր հայեցակարգ մշակվի»:

«Դուք չպետք է հարցին մոտենաք այնպես, թե հանձնաժողովը առաջարկում է մի տարբերակ և ասում է, թե այս է՝ ընտրում եք՝ ընտրում, չեք ընտրում՝ դուք գիտեք: Մենք ասում ենք՝ այսօր կան սահմանադրական լուծումներում իրավական հարթության վրա այսպիսի բացեր, որոնք պետք է հաղթահարել: Հաղթահարման ճանապարհները մենք տեսնում ենք սրանցում․ այս դեպքում այս չափով կհաղթահարվի, մյուս դեպքում՝ մյուս չափով, խնդրեմ՝ քննարկեք: Ես դեմ կլինեմ, եթե փորձ արվի ընդհանրապես առանց քաղաքական քննարկումների, առանց տարբեր կարծիքները ճիշտ համադրելու ասենք, թե սա է, և գնացեք սրանով նախագիծ մշակեք», - նշեց նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավարը:

Չի բացառվում, որ նախագահը չընդունի սահմանադրական փոփոխությունների տարբերակը

Սահմանադրական դատարանի ղեկավարը չբացառեց, որ Սերժ Սարգսյանը ի վերջո կարող է չընդունել խորհրդարանական հանրապետության անցնելու տարբերակը:

«Եթե որևէ տարբերակ ընտրվի և հավանություն տրվի, ես չեմ բացառում, որ հանրապետության նախագահն ասի՝ ես ձեր այս հարցադրումները չեմ ընդունում, և պետք է հայեցակարգի նոր տարբերակ մշակել և ձևավորել բոլորովին այլ հանձնաժողով: Ամեն ինչ հնարավոր է: Բայց եթե նույնիսկ այս տարբերակը ընտրվի, իմ անձնական կարծիքով, ես կառաջարկեի, որպեսզի հանձնաժողովի կազմն ընդլայնվի՝ ընդգրկվեն նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև՝ կուսակցություններից, ովքեր քաղաքական քննարկումներին կմասնակցեն, որպեսզի լինի մասնագիտական քննարկում», - նշեց Գագիկ Հարությունյանը:

Նա ընդգծեց, թե որ տարբերակի վրա էլ որ կանգնի ընտրությունը, դա առաջին հերթին քաղաքական որոշում է լինելու․ - «Էնտեղ ներկայացվում է որպես այլընտրանք՝ ինչպես որ կա, շեշտվում է, որ դա առաջին հերթին քաղաքական ընտրություն է: Մասնագիտական հանձնաժողովը ինքն իր վրա չի վերցնում ասելու՝ սա արեք կամ նա արեք, պարզապես ասում է՝ եթե քաղաքական ընտրությունը կանգ առնի այս կամ այն տարբերակի վրա, ապա այս պարագայում լուծումները, հնարավոր բարեփոխումները կարող են ընթանալ այս ուղղությամբ»:

Ի դեպ, ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի միջև խորհրդակցություններին․ Հանրապետականների հետ համաձայնվել են քննարկումներ սկսել դաշնակցականները, և ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք սպասում են հոկտեմբերի 15-ին, երբ նախագահին կներկայացվի վերջնական տարբերակը, որից հետո քննարկումները կսկսվեն:

XS
SM
MD
LG