Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր եռյակը սկսում է «թավշյա հեղափոխություն»


Ընդդիմադիր եռյակը սկսում է «թավշյա հեղափոխություն»
please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00

«Մենք խոսում ենք ժողովրդի խաղաղ, վստահ ճնշմամբ կատարվող թավշյա հեղափոխության մասին», - Աբովյան քաղաքի կենտրոնական հրապարակում հայտարարեց Զուրաբյանը:

Ոչ իշխանական ուժերի հանրահավաքային պայքարի առաջին օրը Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե իրենք սկսում են թավշյա հեղափոխություն:

«Այս հրապարակից Հայաստանում սկսվում է ազատագրական հեղափոխություն: Սա արյունահեղության կամ ցնցումների հետ ոչ մի կապ չունի: Մենք խոսում ենք ժողովրդի խաղաղ, վստահ ճնշմամբ կատարվող թավշյա հեղափոխության մասին», - Աբովյան քաղաքի կենտրոնական հրապարակում հայտարարեց Զուրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ իրենք մայդաններ չեն ուզում. - «Վստահ եղեք` ոչ մի իշխանություն չի կարող ընդդիմանալ ժողովրդական ուժի ճնշումներին»:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հանրահավաքային պայքարը մեկնարկեց Աբովյանից, որտեղ «Բարգավաճ Հայաստան»-ի ազդեցությունը, ինչպես հայտնի է, շատ մեծ է: Իշխանությանն ուղղված քննադատությունը հնչում էր Աբովյանի քաղաքապետարանի շենքի հարթակից: Հանրահավաքի կազմակերպման աշխատանքներին հետևում էր անձամբ քաղաքապետը, նույն ինքը` Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսին Կարապետ Գուլոյանը: Հանրահավաքին մասնակցեցին նաև ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության որոշ գործարար անդամներ` Մուրադ Գուլոյանը, Աբրահամ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը և այլոք: Նրանք, սակայն, հարթակին չերևացին:

ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին վարչապետի հրաժարականը չի բավարարում. նա համակարգային փոփոխության կողմնակից է: Օսկանյանի համար ակնհայտ է, որ իշխանությունն ուզում է վերարտադրվել:

Նրա ձևակերպմամբ` այս իշխանությունը ժողովրդին ընդառաջելու ո’չ կարողություն ունի, ո’չ էլ ցանկություն. - «Այսօր ընդդիմությունը մեծ հնարավորություն է ընձեռնել երկրում արմատական փոփոխություններ անելու համար: Արդեն անիմաստ է պայքարել կառավարության հրաժարականը պահանջելու, որովհետև մենք գիտենք, որ համակարգն է պրոբլեմը: Եկեք միացեք մեր գործին»:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հնչեցրեց իշխանափոխության անթաքույց կոչեր: Նա հայտարարեց, թե եռյակում հակասություններ չկան. թե’ «Բարգավաճ Հայաստան»-ը, թե’ «Ժառանգություն»-ը և թե’ Հայ ազգային կոնգրեսը «երկիր փրկելու խնդիր են դրել». - «Եթե մենք կառավարության հրաժարական այս պահին պահանջենք, ասենք թե Հովիկ Աբրահամյանին հանեցին, ո՞ւմ պետք է դնեն, պետք է բերեն Գալուստ Սահակյանին: Դրանով որևէ բան փոխվելո՞ւ է երկրում: Ո’չ: Դա, կարծում եմ, պարզ է բոլորի համար: Այս իշխանությունները բազմաթիվ անգամներ և’ շանս են ունեցել, և’ աջակցությունն են ունեցել քաղաքական ուժերի, որպեսզի իրական բարեփոխումներ իրանացնեն: Բայց իրենց ամեն մի հաջորդ քայլը ցույց է տվել, որ հակառակը` իրենք փորձելու են ժողովրդին մինչև վերջ «կոպեկահան անեն»»:

Լևոն Զուրաբյանի խոսքով` այս իշխանությունների կերպարն իրենց պարզ է. - «Լիսկային` մի մարդասպանի, կնոջը հանրային վայրերում ծեծող մարդուն, ներում են, նշանակում են Սյունիքի մարզպետ… գող, ավազակ, մարդասպան. դա՞ է մեր իշխանության բանակը… Այո’, այդ է: Ասացին` եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա, ուրեմն նրան փոխարինելու է Գալուստ Սահակյանը: Սխալվում եք: Արմեն, դու սխալվում ես. եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա, նրան գալու է փոխարինելու Լիսկան»:

Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանը արագ գործելու կողմնակից է. - «Մեր երկրին այս իշխանությունը մարտահրավեր է դրել: Ասում է` ես ամեն ինչ անելու եմ, որ դուք ռադներդ քաշեք. ես գազը թանկացնելու եմ, հոսանքը թանկացնելու եմ, ավտոբուսներն էլ էժան դնելու եմ` գնացեք Կրանոդար, մինչև ուր ուզես… Եվ այդ մարտահրավերը կա’մ մենք ընդունում ենք, կա’մ թողնում ենք Սերժը իր խնամու հետ այդ խնդիրները լուծի: Սա ճակատագրական ու պատմական պահ է. կա’մ այս իշխանությունը` իր մի քանի հոգով, իր բիզնեսով, իր գող ու անկուշտ ախորժակով երկիրը սպառում է, կա’մ մեր արժանապատվությունը հաղթում է»:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին. - «Հիմա իրենք փորձում են ձեր, մեր բոլորի ուշադրությունը շեղել` կեղծ օրակարգ ձևավորելով և ևս քսան տարի իրենց բռնապետությունը երկարաձգելու համար»:

Եզրափակելով հանրահավաքը` Լևոն Զուրաբյանն ասաց, թե այսօր Հայաստանում թևածում է հեղափոխության ոգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG