ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ երեկոյան քվեարկել է Սիրիայի չափավոր ընդդիմությանը օժանդակելու, մասնավորապես՝ նրան զենք տրամադրելու նախագահ Բարաք Օբամայի ծրագրի ֆինանսավորման օգտին։
Որոշումն ընդունվել է վեցժամյա քննարկումներից հետո։ Բանաձևին կողմ է քվեարկել 273 կոնգրեսական, դեմ՝ 156-ը։
Սիրիական չափավոր ընդդիմությանը աջակցությունը Սիրիայի և Իրաքի տարածքներում գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի՝ անցած շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հրապարակած ռազմավարության մաս է կազմում: Ինչպես նշել էր ԱՄՆ-ի նախագահը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի վրա հենվել չի կարելի, քանի որ այն կորցրել է իր լեգիտիմությունը:
Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի քննարկումը և քվեարկությունը Սենատում տեղի կունենա այսօր։